Բազմաթիվ մրցանակների արժանացած ՀԱՅ գրողը․ ճանաչե՛ք մերոնց

Գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս Արամայիս Սահակյանը Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր է։ Նա ԽՍՀՄ գրողների միության անդամ է 1958 թվականից, իսկ ԽՄԿԿ անդամ 1963 թվականից։

Արամայիսը ծնվել է 1936 թվականին Արծվաշեն գյուղում։ 1960 թվականին ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը։ Նաև մասնակցել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներին 1967 թ.-ին։

Աշխատել է «Ավանգարդ» թերթում, «Գարուն» գրական ամսագրում։ Եղել է «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը։ Սահակյանի առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1954 թվականին, «Պիոներ կանչ» թերթում, արժանանալով մրցանակի։ 

1959 թվականին «Ուսանողներ» պոեմի համար արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի և Հայաստանի գրողների միության մրցանակին։ 1970 թվականին «Ապրել և սիրել» գրքի, «Անմահությունից մեկ ժամ առաջ» և «Անհայտ զինվորի նամակը» պոեմների համար արժանացել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակին։