Հացթուխ ՀԱՅ վարպետը Թուրքիայում․ նրա կինն այդպես էլ չընդունեց իսլամ

Թուրքական հին Քոնիայի հայ բնակիչներից մեկի՝ «Հացագործ Հայկի» մասին է այս հոդվածը։ Նրա մասին գրել են մի շարք թուրքական պարբերականներ։ 1910թ․ Քոնիայում ծնված հայ քրիստոնյա Հայկ Բուղդայջըգիլը Քոնիայի լավագույն վարպետներից մեկն է եղել, որն իր ձիակառքով ամեն օր հարևան թաղամասերին է հասցրել թխված հացը։ Հացագործ Հայկի փուռը  Քոնիայում առաջինն է եղել և այն բացվել է 1927թ․: 

Հայկը ներկայացված է որպես իր գործի նվիրյալ։ Հեղինակը ուշադրություն է հրավիրել Հայկի կյանքի այն դրվագին, որ նա երբեք իր հաճախորդների պարտագրքում չի գրել մուսուլմանների անունները, քանի որ վստահ է եղել, որ մուսուլմանները, իսլամական ավանդույթից ելնելով, չեն ուտի «հարամը», ուստի նրանց անունները գրելու կարիք չկա։

Ըստ տեղացիների՝ Հայկն իսլամադավան է դարձել իր մահվանից մի քանի տարի առաջ, չնայած լուրեր են շրջանառվում նաև, որ նա իսլամ ընդունել է ավելի վաղ և չի բարձրաձայնել՝ վախենալով իր հայ կնոջից՝ Երանուհուց։

Նրա կինը՝ այդպես էլ իսլամ չընդունած Երանուհին, կյանքից հեռացել է ամուսնու մահվանից 7 տարի անց՝ 1987թ․, և հուղարկավորվել փոքրիկ հայկական գերեզմանատանը։