Խորհրդային միության խոշորագույն ուրարտագետը, ով Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիրներից մեկն է

Ականավոր լեզվաբան Գրիգոր Ղափանցյանը ժամանակին դասավանդում էր գրաբար, հայերենի պատմահամեմատական քերականություն, ուրարտերեն, ընդհանուր լեզվաբանություն, պատրաստում ասպիրանտներ: Նա փայլուն մանկավարժ էր։

1943 թ., երբ հիմնադրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիան, դառնում է նրա հիմնադիր անդամներից մեկը, հինգ տարի ղեկավարում ԳԱ-ի հասարակական գիտությունների բաժանմունքը, իսկ 1950-1956 թթ. ղեկավարում լեզվի ինստիտուտը:

Վաստակաշատ ակադեմիկոսի աշխատությունները նվիրված են հայագիտության կարեւոր՝ հայ ժողովրդի, նրա լեզվի եւ մշակույթի գոյացման, դրանց հետագա զարգացման խնդիրներին: Տքնաջան եւ երկարատեւ աշխատանքի արդյունք են «Ընդհանուր լեզվաբանություն», «Ուրարտուի պատմություն», «Խեթական աստվածները հայերի մոտ», «Հին Հայաստանի տեղանունների պատմա-լեզվաբանական նշանակությունը», «Արա Գեղեցիկի պաշտամունքը», «Հայոց լեզվի ծագման հարցի շուրջ», «Հայաստան՝ հայերի բնօրրան» ու տասնյակ հիմնարար այլ աշխատություններ: Աշտարակցի գիտնականը նախկին միության խոշորագույն ուրարտագետներից էր: