Որպես «պարսիկ պարուհի» հանդես եկող ՀԱՅՈՒՀԻՆ՝ ում բեմական կեղծանունը ԱՐՄԵՆ ՕՀԱՆՅԱՆ էր. Գիտե՞ք թե ով է ՆԱ, և ինչ է հիմնադրել Պարսկաստանում.

Հայ պարուհի, դերասանուհի, գրող, թարգմանչուհի, գրականագետ ԱՐՄԵՆ ՕՀԱՆՅԱՆ կամ Սոֆյա Փիրբուդաղյան, Տեր-Օհանյանը ծնվել է Շամախիում: Առաջին քայլերը Արմեն (Արմենուհի) Տեր-Օհանյան բեմական կեղծանունով կատարել է Բաքվի հայկական թատրոնում։ 1906—1908 թթ. խաղացել է այդ և Նոր Նախիջևանի հայկական թատրոններում, ապա՝ ՄԳԹ-ում, պարարվեստում մասնագիտացել է Լ. Ռ. Նելիդովայի պլաստիկայի դպրոցում (Մոսկվա), ինչպես նաև Ստանիսլավսկու ստուդիայում։ Որոշ ժամանակ աշխատել է նաև Մոսկվայի Փոքր թատրոնում։ 1914—1916 թթ. սովորել է Սորբոնի համալսարանում։

Տեղափոխվելով Պարսկաստան՝ նա դարձել է եվրոպական տիպի պարսկական առաջին թատրոնի հիմնադիրը։ 1910-ին Թեհրանում պարսկերենով բեմադրել է Նիկոլայ Գոգոլի «Ռևիզորը»։ Ինքը՝ Օհանյանը, կատարել է Մարիա Անտոնովնայի դերը։ Պարսկաստանում Օհանյանն ուսումնասիրել է արևելյան պարեր և 1911-ից մինչև 1930-ականների սկիզբը որպես «պարսիկ պարուհի» հանդես է եկել տարբեր երկրներում՝ պրոֆեսիոնալ բեմում առաջին անգամ ցուցադրելով արևմտյան հանդիսատեսի համար տարաշխարհիկ արևելյան հնագույն և անտիկ աշխարհի լավ ոճավորված պարեր։

Օգտագործելով պարուհի Այսեդորա Դունկանի «ազատ պարի» մեթոդները, հայ, ռուս, պարսիկ երգահանների երաժշտությամբ և օգտագործելով զանազան դիմակներ, Օհանյանը ներկայացնում էր «Սալոմե», «Անահիտի տաճարում», «Մենություն», «Հաշիշ», «Դավաճանություն», «Շամախեցի մեծ խանը» և այլ պարային համարներ։ Ելույթ է ունեցել Լոնդոնում, Բրյուսելում, Միլանում, Սոֆիայում, Բուխարեստում, Կահիրեում, ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում։