Դաշտենցի մուտքը գրական աշխարհ․ նրան մեծ ուշադրություն էր հատկացնում ու աջակցում Չարենցը

Դաշտենց վիպասանն իր մուտքը գրական աշխարհ սկսել է պոեզիայով: Նրա առաջին բանաստեղծություններն իսկ գրավել են հանճարեղ Չարենցի ուշադրությունը, արժանացել նրա հատուկ վերաբերմունքին:

Չարենցն առանձին գրություններով դիմել է Պետհրատի այն ժամանակվա տնօրեն Էդվարդ Չոփուրյանին եւ հայտնի ձեւավորող նկարիչ Տաճատ Խաչվանքյանին՝ ապահովելու երիտասարդ բանաստեղծի գրքի որակյալ տպագրությունը: 22 տարեկանում լուս է տեսնում Խաչիկ Դաշտենցի առաջին՝ «Երգերի գիրքը»:

Հետո իրար են հաջորդում «Գարնանային երգեր» եւ «Բոց» ժողովածուները, «Տիգրան Մեծ» չափածո ողբերգությունը: Բայց այդ գրքերից մեկի՝ «Բոցի» հարուցած աղմուկն իր անձի շուրջ այնքան էր մեծ, որ հեղինակն ստիպված էր հեռանալ Մոսկվա, ուսանել օտար լեզուների ինստիտուտի անգլերեն բաժնում՝ նախապատրաստվելով թարգմանչական աշխատանքի:

Հետագայում նա հայերեն է թարգմանել Շեքսպիրի «Սխալների կոմեդիան», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Տասներկուերորդ գիշեր», «Ռիչարդ Երրորդ», «Հուլիոս Կեսար», «Լիր արքա», «Ռոմեո եւ Ջուլիետ» ստեղծագործությունները, Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», «Խաղողի այգին» դրամաները, ինչպես նաև անգլերենի դասագրքեր է կազմել հայկական դպրոցների համար: Հակոբ Սրապյանի հոդվածից։