ՀԱՅ ԼԵԳԵՆԴԱՐ դերասանուհի և ասմունքող, ով մահացավ հենց բեմի վրա ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ կարդալիս. ՆՐԱ կերտած դերերը հավերժ մնացին մարդկանց հիշողության մեջ

Հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և ասմունքի մեծ վարպետ Ռուզաննա Տիգրանի Վարդանյանը եղել է Բեմադրիչ, դերասան Վավիկ Վարդանյանի քույրը և գեղանկարիչ Խաչատուր Եսայանի կինը։

Ռուզաննա Վարդանյանը ծնվել է Շամախիում, մեծացել է Դերբենտ քաղաքում։ 1915 թվականին ավարտել է տեղի ռուսական գիմնազիան և դարձել ռուսերեն լեզվի ու գրականության ուսուցչուհի։ Այնուհետև երկու տարի ընտանիքով ապրել են Աստրախանում, ապա՝ Ստավրոպոլում։

Ռուզաննան տեսել է Սիրանույշի և Աբելյանի խաղը, որ մնացել է հիշողության մեջ։ Սակայն թատրոնի հանդեպ սերը նրա մեջ արթնացրել է նրա եղբայր Վավիկ (Անուշավան) Վարդանյանը։ Ստավրոպոլում նա կազմակերպում է սիրողական ներկայացումներ։ Կրտսեր եղբայրը շատ ջանք է թափում քրոջը ներկայացումների մեջ ներգրավելու համար։ Դա հաջողվում է դժվարությամբ, և Ռուզաննա Վարդանյանը դառնում է այդ ներկայացումների մասնակիցը։ Սիրողական խմբում նրա առաջին ելույթը կայացել է 1921 թ.։ Այստեղ նա խաղացել է մի շարք առաջնակարգ դերեր, ինչպես Զեյնաբի «Դավաճանություն» և Մեդեայի դերերը։ Լավ դերեր խաղալու հնարավորությունը դերասանուհու մեջ զարգացնում են բնատուր տվյալները և արթնացնում այնպիսի սեր դեպի թատրոնը, որ երբ Վավիկ Վարդանյանը մեկնում է Մոսկվա՝ հայկական դրամատիկական ստուդիայում ուսանելու, նա է ղեկավարում խումբը։ Մինչև 1927 թ., վեց տարի նա լինում է թատերախմբի առաջին դերասանուհին։

1927 թ. դերասանուհին հրավիրվում է Երևանի Առաջին պետթատրոն։ Նորեկ դերասանուհու տվյալները գնահատում են Մարգարիտի դերակատարությամբ։

Դերասանուհին նաև ասմունքող է եղել։ Մահացել է 1957 թ. Սունդուկյանի անվան թատրոնի բեմի վրա Ավետիք Իսահակյանի «Բինգյոլ» բանաստեղծությունն արտասանելիս, երբ նշվել է դերասանուհի Սիրանույշի ծննդյան 100-ամյակը։