«7 տարի սպասեցինք, որ տղա ունենանք, բայց ինքը չհասցրեց վայելել էդ երջանկությունը». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ մասին

Արցախցի 32-ամյա Ալեքսանդր Սարգսյանը առավոտյան պատերազմի լուրն իմանալուն պես որոշել է կամավոր մեկնել առաջնագիծ: Կինը՝ Լիլիթը ասում է, որ ամուսինը շատ հայրենասեր էր: Ալեքսանդրի հայրը ևս զոհվել էր Արցախյան առաջին պատերազմում՝ 1994-ին․

«Ինքը միշտ նույն արտահայտությունն ա արել՝ երբ էլ լինի, ես գնալու եմ։ Շատ վստահ գնաց պատերազմ, որ հաղթանակով հետ են գալու, ամեն ինչ լավ է լինելու»,- հիշում է ու հուզվում կինը։

Ալեքսանդր Սարգսյանը սկզբում Շուշիում, այնուհետև՝ Մարտակերտում է պայքարել հակառակորդի դեմ, որից հետո տեղափոխվել է Մատաղիս։ Դիրքերը բարձրանալիս տղաները զոհվել են ԱԹՍ-ի հարվածից:

Ալեքսանդրն ու Լիլիթը 10 տարի է՝ ամուսնացած էին, երեք երեխա ունեն՝ երկու աղջիկ և մի տղա։ «Անգամ տղեն հետ չպահեց, իր էդքան սպասված տղեն, 7 տարի սպասում էր, մեր համար երազանք էր»,- հուզմունքով պատմում է 32-ամյա կինը։

Ամուսնու զոհվելու մասին Լիլիթն իմացել է 6 օր անց՝ հոկտեմբերի 7-ին։ Ասում է՝ ամուսնու մարմինը չի տեսել, ու մինչ օրս էլ հույս ունի, որ սխալմունք եղած կլինի, ու մի օր ամուսինը տուն կմտնի։
«Անգիտակից ապրում ենք, մինչև հիմա էլ չեմ հավատում, սպասում եմ, որ ինքը կգա»,- հուզմունքով ասում է կինը։

Լիլիթն ասում է, որ այժմ անբացատրելի ապրումներ ունի, փորձում է ապրել ամուսնու չապրած տարիները: Ցավը խորն է, կարոտը՝ մեծ, բայց հանուն երեխաների շատ անգամներ ամուսնուց ապրելու ուժ է խնդրել, որ հաղթահարի բոլոր դժվարությունները:

Ալեքսանդր Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։