«Ես հիշում եմ` պապան զանգեց մամային ու ասեց` Թամս, էրեխեքին հանի, ես ձեզ շատ եմ սիրում». որո՞նք էին ՀԵՐՈՍ ԿԱՊԻՏԱՆ ԵՐՎԱՆԴԻ վերջին խոսքերը

35-ամյա Երվանդ Հովհաննիսյանը 44-օրյա պատերազմի առաջին զոհերից մեկն էր: Նա մահացել է պատերազմի առաջին րոպեների ընթացքում` Մատաղիսում: Մինչ այդ նա հասցրել է զանգել կնոջն ու ասել, որ շտապ վերցնի երեխաներին ու հեռանա գյուղից:

Երվանդի ընտանիքը` կինն ու երեք երեխաները նրա հետ տարիներ շարունակ ապրում էին Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում, սեփական բնակարանում, եւ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան նրանք իրենց աչքերով են տեսել ու զգացել պատերազմի սկիզբը:

Երվանդ Հովհաննիսյանը կապիտան էր, գումարտակի թիկունքի պետն էր: Նրա ավագ երեխաները, Ալվարդն ու Արտյոմը մեզ հետ զրույցում անընդհատ պատմում էին հոր մասին, ասում էին, որ նրան շատ են կարոտում, սակայն նաեւ գիտեն, թե ինչ է եղել նրա հետ: «Ես հիշում եմ` պապան զանգեց մամային ու ասեց` Թամս, էրեխեքին հանի, ես ձեզ շատ եմ սիրում»,- պատմեց փոքրիկ Ալվարդը: