«5000 դրամ գումար էի ուղարկել. զինգրքույկի միջից գտանք, երբ հողի տակից հանել էին որդուս ու իր իրերը». ՀԵՐՈՍ ՄԱՆՎԵԼԸ զոհվեց պատերազմի հենց առաջին օրը

Արցախյան պատերազմի հերոս Մանվել Արսենի Մանուչարյանը ծնվել է 2001 թվականին Տավուշի մարզի Հաղարծին գյուղում: Մանվելը տան ավագ որդին էր, իրենից 2 տարի փոքր մեկ եղբայր էլ ունի:

Մանվելը ծառայության է անցել 2019 թվականին: 19-ամյա հերոսը 1,5 տարվա ծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է: Նա զոհվել է պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին: Ծառայել է Հադրութում: Մանվելը դիրքերում է եղել, այդ օրը նրա հերթափոխության օրն է եղել, սակայն այդպես էլ չի հասցրել դիրքերից իջնել: 8 ժամ անընդմեջ թշնամու դեմ կռիվ տալուց հետո ընկել է տանկի հարվածից:

«Իմ Մանվելի պես բարի ու կամեցող մարդ ես չեմ ճանաչում: Հազար ու մի նպատակ ուներ: Բայց երբ սեպտեմբերի 26-ին զանգեց, ասաց՝ մամ ջան, երկար խոսիր, կարող է էլ ձայնս չլսես»,- պատմում է հերոսի մայրը՝ տիկին Լիլիան և ավելացնում, որ որդու հետ վերջին անգամ զրուցել է սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12:50-ին:

Տիկին Լիլիան ընդգծում է՝ տարի ու կես ծառայության ընթացքում ոչ մի անգամ որդին տնից ոչինչ չի խնդրել՝ ո՛չ գումար, ո՛չ հագուստ. «Ասում էր՝ մամ ջան, ամեն ինչ նորմալ է: 5000 դրամ գումար էի ուղարկել… զինգրքույկի միջից գտանք, երբ հողի տակից հանել էին որդուս ու իր իրերը»:

Մանվել Մանուչարյանի մարմինը գտնվել է դեկտեմբերին՝ հրադադարից հետո: Իսկ հողին է հանձնվել փետրվարի 11-ին:
Մոր խոսքով՝ միայն մասունքներն են եղել, հագուստի ու զինգրքույկի միջոցով են ճանաչել որդուն. «Ընկերն է դիրքի տեղն ասել, գնացել, քանդել, հողի տակից գտել ենք երեխուս»:

Շարքային Մանվել Արսենի Մանուչարյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: