«Որքան հիշում եմ՝ ես նրան լավություն չեմ արել, ինչո՞ւ է նա փորձել ինձ վատություն անել». Իսահակյանի ասելով սա կյանքի օրենք է՝ վատությունը լավության դիմաց, գիտե՞ք, թե ինչու

Ավետիք Իսահակյանն ու Գուրգեն Բորյանը, այսինքն՝ գրողների միության նախագահն ու առաջին քարտուղարը, հանգիստ զրուցում էին: Այցելությանս նպատակը չեմ հիշում: Քիչ անց, կարծեմ, Գուրգեն Բորյանն ասաց, որ Գևորգ Աբովը հիվանդ է, ուղեգիր է խնդրել, հարկավոր է օգնել մարդուն: Հետո, իմիջիայլոց, չասելու նման ասաց.

— Վարպե՛տ, Դուք գիտե՞ք, որ Գևորգ Աբովն այնքան էլ բարյացակամ չէ Ձեր նկատմամբ:

Վարպետը լարվեց: Գուրգեն Բորյանի դեմքով ստվեր անցավ, բայց արդեն ուշ էր, և արգելակելն էլ միտք չուներ:

— Իսկ ի՞նչն էր բանը…

— Ախր նա ժամանակ առաջ մտել է Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի մոտ մի անմարդկային առաջարկով, թե ժամանակը չէ՞ արդյոք Իսահակյանին մեկուսացնելու: Նրա տունը դարձել է դաշնակցականների հավաքատեղի, որոնք թափանցում են Սփյուռքից, և զանազան հակասովետական թափթփուկների ժողովարան…

— Իսկ Գրիգոր Հարությունյանն ի՞նչ է պատասխանել…

isahakyan

— Նեղացել է, անպատվել՝ ասելով, որ նման հիմարություններ անել և նույնիսկ ասել ոչ ոքի թույլ չի տա, որ Իսահակյանը համաշխարհային անուն է, մեր ժողովրդի պարծանքը, ինչպես կարելի է դիպչել մի մարդու, որ մարմնավորում է Հայաստանը, քայլող Հայաստան է…

— Լա՛վ է, լա՛վ է, նույնիսկ օրթոդոքս կոմունիստը պաշտպանում է իմ ազատությունը,- ծիծաղեց Իսահակյանը և հետո մտախոհ,— որքան հիշում եմ՝ ես Գևորգ Աբովին լավություն չեմ արել, ինչո՞ւ է նա փորձել ինձ վատություն անել, անհասկանալի է…

— Վատություն լավությա՞ն դիմաց,— զարմացա ես:

— Այո՛, երիտասա՛րդ, կյանքի օրենքն է այդպիսին: Լավությունը չի կարող անպատիժ մնալ: Բայց այս պարագային կարծես չի գործել այս ճշմարտությունը…

Աղբյուրը՝ yerkir.am