«Լավ բան եք ասում, բայց ծերուկիս չվշտացնելու համար եք այդպես ասում, այլապես կասեիք` մեր մեծագույնը Թումանյանն է». հետաքրքիր դեպք Իսահակյանի կյանքից

Շրջապատել ենք մեծ բանաստեղծին: Կլանում ենք նրա յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր խոսքը: Իսկ նա սիրում է մեր՝ երիտասարդներիս շրջապատը: Հարցնում է՝ որտե՞ղ ենք ծնվել, ովքե՞ր են մեր արմատները, բնի՞կ ենք, թե՞ գաղթական:

— Օրինակ դո՛ւ, տղա ջան, որտեղացի ես
— Զանգեզուրցի եմ…

— Դո՛ւ…
— Շիրակցի եմ…

— Դո՛ւ…
— Ղարաբաղից…

— Դո՛ւ…
— Ջավախքից…

Եվ այսպես բոլորին, մեկիկ-մեկիկ: Հարցեր, բայց ոչ անկետային, այլ՝ Իսահակյանական: Բոլորին ասելու, խորհուրդ տալու, ինչպես ասում են՝ ազգնուտակը իմանալու պահանջ ունի մեր վարպետը:

Նայում է ինձ.

—  Ջավախքից ես, էս մեկն էլ Շիրակից է: Երգի, հեքիաթի և բանաստեղծության աշխարհից եք, իսկ ղարաբաղցիք ու մյուսները մեր երգն ու բանաստեղծությունը պահպանող մարտիկներն են, սասունցիք ու մշեցիք մեր ծուռ դավիթներն են, ֆիդայիները, նախիջևանցիները՝ մեր գողթան երգերն ու առասպելները հորինողները: Այսպես է հայոց աշխարհը, ամեն գավառը՝ մի աշխարհ, իր բնորոշ բառով ու բանով, արհեստներով ու արվեստներով…

Լուսանկարում՝ Թումանյանը և Իսահակյանը՝ Անիում, 1901 թ.

Հետո լռում է: Խորհում է կզակը ցուպին հենած:

 — Այ, կարո՞ղ եք ասել, ով է մեր մեծագույն բանաստեղծը,- և նայում է քննախույզ ժպիտով:

— Դո՛ւք…,— միաբերան ասում ենք բոլորս:

Իսահակյանի հայացքում կասկած կա: Երևի համաձայն չէ:

— Լավ բան եք ասում,- ժպտում է,- եթե ես հավատամ: Իհարկե, քաղաքավարությունը և ծերուկիս չվշտացնելու ցանկությունն է խոսում ձեր գնահատականի մեջ, այլապես կասեիք, որ մեր մեծագույնը Օհաննեսն է, Թումանյանը, որ նրա երգ ու բանաստեղծություններով, ասք ու առասպելով, նրա հայկականությամբ է լցված հայ աշխարհը: Նրա անմահությունն անգամ գնալով պետք է զորանա, մինչ շատերի աստղերը կխավարեն ժամանակի անողոքությունից, նրա աստղը գնալով պիտի մեծանա, հզորանա արեգակի նման…

Աղբյուրը՝ yerkir.am