Ականավոր մանկավարժ-լեզվաբանը, ով մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին

Այս հոդվածում խոսելու ենք լեզվաբան-հայերենագետ Գրիգոր Ղափանցյանի մասին։ Նա փայլուն աշակերտ ու ուսանող էր։ 1913-ին առաջին կարգի դիպլոմով ավարտում է համալսարանը: Թեեւ իր դասախոսներից Նիկողայոս Մառը առաջարկում է մնալ բուհում եւ կատարելագործվել պարսկագիտության մեջ, սակայն քանի որ հրավեր էր ստացել Էջմիածնի Գեւորգյան ճեմարանից, ուստի թողնում է Պետերբուրգը եւ վերադառնում հայրենիք:

Ի դեպ, հետագայում նա Մառի հետ մասնակցելու էր հայոց գեղաշուք մայրաքաղաքի՝ Անիի պեղումներին: Շուրջ հինգ տարի Էջմիածնում զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ: Առաջին աշխարհամարտի պատճառով փակվում է Գեւորգյան ճեմարանը:

Գիտնականը, որպես հայրենիքի նվիրյալ, 1918-ի մայիսին մասնակցում է Սարդարապատի հերոսամարտին: Այնուհետեւ, մայր բուհի հիմնադրումից անմիջապես հետո, հրավիրվում է դասախոսելու պետհամալսարանում: Դասախոսական աշխատանքին զուգընթաց բարենպաստ պայմաններ են ստեղծվում նաեւ հետազոտական աշխատանքների համար: 1925-ից սկսած հրատարակվում են նրա հայագիտական եւ լեզվաբանական կարեւոր նշանակություն ունեցող հինգ տասնյակից ավելի աշխատությունները: