Ինչո՞ւ էին ՊՌՈՇՅԱՆԻ գրվածքները այդքան մոտ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ. Ինչ էր նրա համար ԽՂՃԻ «արդար դատարանը».

Հայ գրող Պերճ Պռոշյանը (Հովհաննես Ստեփանի Տեր–Առաքելյանը) 1850-ական թթ. ներշնչվել է ազգային–կրոնական ռոմանտիզմով և որոշ գրական փորձեր կատարել։ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը ուղղություն է տվել նրա որոնումներին. 1860 թվականին Պռոշյանը գրել է «Սոս և Վարդիթեր» վեպը։ Առաջին այդ փորձը ճանաչում է բերել հեղինակին։ Իր հռչակավոր «Կրիտիկա», «Սոս և Վարդիթեր»-ի աշխատությամբ Միքայել Նալբանդյանը բարձր է գնահատել «արդյան ազգային վիպասանության» հիմնադիրներից մեկին և կռահել գրողի տաղանդի ռեալիստական տարերքն ու սոցիալական միտվածությունը։ Նկատելով, որ հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում ստեղծել է ավանդություններ, ծեսեր, երգեր ու առասպելներ, որոնք, պարունակում են յուրյանց մեջ մեծ բարոյական դասեր», նա պատվիրել է հայ գրողներին «գրով ի լույս հանել… ազգի կենաց տիպը պարունակող» այդ «անգին ավանդությանց հիշատակները»։ Սակայն իր վեպում բարոյական ավանդների արժեքը Պռոշյանը դիտել է սոցիալական կոնկրետ ժամանակի մեջ, որտեղ նահապետական հովվերգությունը բախվում էր կապիտալիստական նորամուտ բարքերին։

1879 թվականին «Փորձ» ամսագրում տպագրվել է Պռոշյանի «Հացի խնդիր» վեպը, որը մնայուն տեղ է գտել հայ ռեալիստական վեպի պատմության մեջ։ Նահապետական գյուղը ներկայացնելով երկու ներհակ ուժերի բախման մեջ՝ գրողն իրար է հակադրել կյանքի երկու ըմբռնում, կեցության երկու ձև։ Մեկը նահապետական համայնքն էր, որ ձգտում էր պահպանել իր գոյության դարավոր իրավունքը, մյուսը՝ կապիտալի նախնական կուտակումը, որ խարխլում էր առաջին հիմքերը։ Դարաշրջանի սոցիալական այս դրաման ներկայացվում է Խեչանենց Խաչանի և Միկիտան Սաքոյի բախումով։ Կապիտալիստական հարաբերությունների ներխուժումով քանդվում է նահապետական գյուղը, ենթարկվում դասակարգային շերտավորման, գյուղացին զրկվում է հողին և ունեցվածքին կապված լինելու իրավունքից։

Նրա իդեալը համընկել է շահագործումից, ներքին հակասություններից ազատ, իրավահավասար նահապետական համակեցության սոցիալական երազանքին։ Կապված լինելով իր դասակարգի հետ՝ նա ձգտել է խղճի «արդար դատարանի» բարոյական հորդորներով կանխել չարիքի ներխուժումը, բայց որպես ռեալիստ օբյեկտիվորեն ականատես է եղել պատրանքների ամենօրյա փլուզմանը և վերապրել իր համակրելի մարդկանց կործանումը։