Այս ՀԱՅԸ հրատարակել է դպրոցական կանոնադրություններ, աշխարհաբարի է վերածել մի ավետարան, որի համար շնորհվել է աստվածաբանության մագիստրոսի կոչում.

Հայ գրող Պերճ Պռոշյանը (Հովհաննես Ստեփանի Տեր–Առաքելյանը) ծնվել է դերձակի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական վարժարանում (1849-1852), ապա կարճ ժամանակ՝ Երևանի արքունական դպրոցում։ 1856 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, որտեղ և ձևավորվել են նրա ազգային–դեմոկրատական ըմբռնումները՝ Պ. Շանշյանի ազդեցությամբ։ Շուրջ մեկ տարի սովորելով Թիֆլիսի արքունական գիմնազիայում՝ 1857 թվականին վերադարձել է Աշտարակ և նշանակվել ծխական դպրոցի տեսուչ։

Միաժամանակ վարել է գավառական գործակալի քարտուղարի պարտականությունը, որը հնարավորություն է տվել նրան մոտիկից ծանոթանալու գյուղի կյանքին։ 1859 թվականին Պռոշյանը մեկնել է Թիֆլիս, եղել է Ներսիսյան դպրոցի նախապատրաստականի ուսուցիչ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել հայ պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը, իգական դպրոցների հիմնադրմանը Թիֆլիսում (1861), այնուհետև՝ Շուշիում, Ագուլիսում, Աստրախանում, մանկավարժությամբ զբաղվել է Հայաստանի տարբեր վայրերում, հրատարակել դպրոցական կանոնադրություններ։

1879 թվականին հրավիրվել է Էջմիածին, նշանակվել Երևանի թեմի և Կարսի վիճակի հոգևոր դպրոցների տեսուչ, աշխատել մինչև 1881 թվականը։ Այդ տարիներին աշխարհաբարի է վերածել մի ավետարան, որի համար Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի կաթողիկոսը նրան շնորհել է աստվածաբանության մագիստրոսի կոչում։ 1887 թվականին վերադարձել է Թիֆլիս: