«Հլը ընձի ըսա, վրացիներն ընձնեն լավ բանաստեղծ ունի՞ն,- Քեզնից լավ դժվար, բայց քեզ պես բանաստեղծ ունեն». ահա, թե ինչ արեց Շիրազը այս պատասխանից հետո

Չնայած որոշ «հեռատես» մարդկանց հորդորներին, թե Շիրազին Թիֆլիս՝ սայաթնովյան վարդատոնին տանելը կարող է «գլխացավանք» դառնալ, ես (գրող Մկրտիչ Սարգսյան- խմբ.) բանի տեղ չդրի և երեք տարի անընդմեջ նրան ընգրկում էի Թիֆլիս մեկնող պատվիրակության կազմում: Իսկ Շիրազը ոչ միայն գլխացավանք չէր դառնում, այլև զարդարում էր մեր պատվիրակությունը: Նրա ելույթները, քիչ է պատկերավոր ասելը, իմաստուն էին՝ թաթախված հայ-վրացական բարեկամությամբ: Էլ չեմ խոսում նրա ժողովրդականությունից, որ, երբ երևում էր, Թիֆլիսի հայ և վրացի հասարակությունը ալիքվում էր ծովի նման:

Իր ելույթի հաջողությանը եթե կասկածեր.

— Հլը ընձի ըսա, վրացիներն ընձնեն լավ կամ ընձի չափ մեծության բանաստեղծ ունի՞ն…

— Քեզնից լավ դժվար թե ունենան, բայց քեզ պես բանաստեղծ ունեն…

—  Յա՜…, էդ ո՞ր մեկն է, ըսա…

shiraz

— Իոսեբ Նոնեշվիլին… Չգիտեմ՝ քեզնից մեծ, թե՝ փոքր, բայց քեզ նման ժողովրդական է, վրացիների սիրելին, այնպես որ՝ սիրելի՛ Շիրազ, պատրաստվիր նրա հետ մեջլիս մտնելու…

— Լավ կըսես, Մկրտի՛չ, դու ընձի համոզե, որ էն ընձնեն մեծ բանաստեղծ է, որ կատաղեմ, նախանձեմ ու ինքս ընձի և հետո նրան գերազանցեմ…

Իսկապես, մեջլիսը կայացավ: Շիրազն իսկապես իր մրցակից ընկերոջը հաղթեց: Ինքն էլ դա զգաց ժողովրդի անզուսպ ցնծությունից: Երեխայի նման ուրախացավ.

— Սազ որ ունենար, պտի ընձի տար, չէ՜… Հաղթե՜լ եմ…

Աղբյուրը՝ yerkir.am