«Նա նվագում է աշխարհից կտրված՝ հոգին ձուլելով քամանչայի լարերին»․ իր գործին նվիրված վարպետը

Այս հոդվածում խոսելու ենք երաժիշտ, քամանչայի վարպետ Հենրիկ Առուստամյանի մասին։ Այսպես կարելի է նկարագրել մեծ հանճարի կերպորը։

«Խախտելով» դահլիճում տիրող լռությունը աշխարհից վերացած նվագում է` հոգին ձուլած քամանչայի լարերին… Տխուր լարի հնչյուններին են միահյուսվում ոգու թախիծն ու հույզը, մտահոգություններն ու տագնապները: Ու հանդիսատեսը, որ գերված սրտաբուխ մեղեդու քնքշությամբ` ունկնդրում է կատարումները, մի անբացատրելի զգացում է ապրում եւ հիացմունքը չթաքցնելով ծափահարում է` փորձելով հաստատել անմահ գուսանի ստեղծագործությունների հավերժությունը:

Երաժիշտ Հենրիկ Առստամյանի մուտքն արվեստի աշխարհ 1965-ին էր, երբ ավարտելով Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը, եկավ աշխատելու Արցախի երգի-պարի պետական համույթում:

Հենց այստեղ էլ երիտասարդ քամանչահարը գեղարվեստական ղեկավարի եւ ժողովրդական երաժշտության գիտակ, փորձառու մանկավարժ Լեւոն Սարգսյանի աջակցությամբ խորացավ արվեստի գաղտնիքների մեջ, մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ ստացավ. նվիրվեց սիրած գործին ու հաստատուն քայլերով հարթեց իր դժվարին ճանապարհը` հասնելով կատարողական վարպետության: Դավիթ Միքայելյանի հոդվածից։