«Ինչ արած, հարգելի՛ս, քո գիրկն ընկնել չհաջողվեց, ես էլ ընկա Հոռոմսիմի գիրկը». գիտե՞ք, թե որ հարցին Իսահակյանը պատասխանեց իրեն հատուկ հումորով

Վարպետը  1940 թվականի ամռանը եղավ Ախալցխայում: Այցելեց նաև գյուղերը: Ամառային գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանն էր, և հասկանալի է, որ կոլտնտեսականները գտնվում էին հանդերում ու այգիներում:

Գյուղերից մեկում հանդիպումը բանաստեղծի հետ կայանում է դաշտում՝ սաղարթախիտ ծառի տակ: Հանդիպմանը մասնակցում էր ողջ գյուղը: Բանաստեղծի երկրպագուները պարզապես հարցախեղդ են անում սիրելի գրողին: Եվ ահա տարօրինակ հարց է տալիս մի գեղջկուհի.

— Վարպե՛տ,- ասել է նա,- ինչո՞ւ 1905 թվականին Դուք ընկաք Հոռոմսիմի գիրկը…

isahakyan

Պայթել է ծիծաղը: Վարպետն անմիջապես կռահել է, որ խոսքը վերաբերում է հոռետեսություն բառին, և գեղջկուհին հարց է տվել ինչ-որ մեկի թելադրանքով, որ պետք է հասկանալ այսպես՝ ինչո՞ւ Դուք 1905 թվականին ընկաք հոռետեսության գիրկը: Եվ բանաստեղծը պատասխանել է իրեն հատուկ հումորով.

— Ի՜նչ արած, հարգելի՛ս, քո գիրկն ընկնել չհաջողվեց, ես էլ ընկա Հոռոմսիմի գիրկը…

Աղբյուրը՝ yerkir.am