Գիտե՞ք, թե ով է եղել ՇԱՐԱ ՏԱԼՅԱՆԸ, և ինչպիսի ԱՇՈՒՂԱԿԱՆ ընտանիքում է մեծացել.

Հայ երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, Շարա Տալյան ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մարիաննա Սեդմարի ամուսինը։ Շարա Տալյանը ծնվել է 1893 թվականին Թիֆլիսում, Տալյանների նշանավոր ընտանիքում։ Շարայի հոր պապը եղել է նշանավոր աշուղ Քամալին, հայրը նույնպես աշուղ էր, հայտնի էր աշուղ Ջամալ անունով։ Նրա հոր մոտ ազգականներից էր նաև աշուղ Շերամը՝ Գրիգոր Տալյանը։ Մանկուց մշտապես լինելով աշուղական երգարվեստի մեջ, կրթվելով որպես երաժիշտ և հաճախակի ներկա լինելով աշուղական մրցումներին, նրա մոտ վաղ տարիքից ի հայտ են գալիս երաժշտության հանդեպ սերը և ունակություններ։

Ութ տարեկանում ընդունվում է Թիֆլիսի Ներսիսյան դպրոց, որտեղ սովորում է մինչև 1913 թվականը, միաժամանակ աշակերտելով Գրիգոր Սյունիին և Կոմիտասի աշակերտ Սպիրիդոն Մելիքյանին։ Այդ ընթացքում նա հանդես է գալիս նաև դպրոցի երգչախմբում։ 13 տարեկանից որպես մեներգիչ հանդես է եկել դպրոցի երգչախմբում։ 1908 թվականին, երբ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը նոր-նոր էր սկսել աշխատել «Անուշ» օպերայի վրա, դրա արդեն քիչ թե շատ ավարտուն մասերը ներկայացվում են Թիֆլիսում՝ Ներսիսյան դպրոցի սաների ուժերով, որոնցից մեկն էլ Շարա Տալյանն էր։

Դրանից մի քանի տարի անց՝ 1911 թվականին՝ Շուլավերում, 1912 թվականին Թիֆլիսում տեղի են ունենում Շարա Տալյանի առաջին մենահամերգները. նա աչքի է ընկնում կատարողական ոճի անհատականությամբ և արժանանում երաժշտագետների ու երաժշտասերների ուշադրությանը։