«Ի՜նչ իմանայի ես այն ժամանակ, Որ սերն ինձ մի օր ձեր տո՛ւն կտաներ » Գևորգ Էմինի ՆԱՄԱԿԸ աներոջը. Մի ՍԻՐՈ պատմություն.

Հենց Պետհրատում էլ Նվարդին տեսել է հորաքույրս՝ Հեղինե Մուրադյանը, ծանոթացել եւ հյուր է կանչել: Նրա տանն էլ ծանոթացել են մայրս եւ հայրս՝ այն ժամանակ ինժեներ եւ սկսնակ բանաստեղծ Կառլեն Մուրադյանը, որի գրական ծածկանունը՝ Գեւորգ Էմին, հետագայում դարձավ նրա անուն-ազգանունը:

Հորաքույրս պատմում էր, որ շուտով նկատել է, որ Նվարդն ու Գեւորգը կլանված զրույցի են բռնվել… Այդպես է ծագել նրանց սերը, որի մասին «Նվարդին» բանաստեղծության մեջ Էմինն այսպես է արտահայտվել. «Թո՛ղ, Տերյա՛ն Նվարդ, ու հավատա՛, Բարձր է գրքերից համբույրը քո, Դու մոռացե՞լ ես, թե ով ասաց — Ափսոս չէ՞, Մարգո՛, այս երեկոն»: Իսկ «Վահան Տերյանին» բանաստեղծության մեջ դիմելով աներոջը՝ իր երախտագիտությունն այսպես է արտահայտել․ «Ի՜նչ իմանայի ես այն ժամանակ, Որ սերն ինձ մի օր ձեր տո՛ւն կտաներ, Եվ դու սիրե՜րգը քո ամենալավ, Գեւորգ Էմինիս համար ես պահել»:

Հորաքույրս ապրում էր բարվոք բնակարանում, որովհետեւ նրա ամուսինը «կաուչուկի գործարանի» ղեկավարներից էր՝ Հայկ Շավոյանը: Իսկ հայրս, նրա եղբայր Վարդգեսը եւ նրանց ծնողները բնակվում էին Կոնդում գտնվող, հողե հատակ ունեցող մի հյուղակում, որտեղ ձմռանը դույլի մեջ գտնվող ջուրն առավոտյան սառչում էր: Ահա, այսպիսի տուն է հարս գնացել Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարաններում ծնված-մեծացած Վահան Տերյանի անձնվեր դուստրը, որն այնքան հայկական ավանդական հարս է դարձել, որ, ինչպես ինքն էր պատմում, նույնիսկ լվացել է սկեսրայրի՝ Գրիգոր պապիս ոտքերը…

Աղբյուր՝ «Հրապարակ օրաթերթ»