Ինչպես մեծ ճանաչում ստացավ ԱՆՈՒՇ օպերան. Որտեղ առաջին անգամ տեղի ունեցավ ՊՐԵՄԻԵՐԱՆ, և ՈՎ դարձավ երեկոյի ԱՍՏՂԸ.

Շարա Տալյանը դեռ չէր ավարտել դպրոցը, երբ 1912 թվականին Թիֆլիսում մասնակցեց Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերայի բեմադրությանը՝ ճանաչվելով Հոր-հոր աղայի դերերգով։ Նույն տարում կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը պատրաստվում էր հանրությանը ներկայացնել Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա գրած իր համանուն օպերան՝ արդեն ամբողջությամբ։





Պրեմիերան կայացավ 1912 թվականի օգոստոսի 4-ին կոմպոզիտորի ծննդավայր Ալեքսանդրապոլում։ Սարոյի դերակատարն էր Շարա Տալյանը, իսկ Անուշին մարմնավորում էր Աստղիկ Մարիկյանը։ Քաղաքի համերգային դահլիճը լեփլեցուն էր։ Նրանք, ում չէր հաջողվել դահլիճ մտնել, օպերան լսում էին բաց պատուհանների մոտ կանգնած։ Այդ տարիներին գրեթե միջոցներ չկային պատշաճ բեմադրություն ստեղծելու համար։ Վատն էր ակուստիկան, 12 երաժշտից բաղկացած փոքրիկ նվագախումբ էր, հագուստն ու դեկորացիան խիստ համեստ էին։ Նվագախումբի երաժիշտները շատ երիտասարդ էին, որոնք թեկուզ լավ էին կատարում, բայց չունեին համապատասխան մասնագիտական հմտություններ։

Եվ չնայած այս բոլոր բացթողումներին, հանդիսատեսը կարողացավ զգալ օպերայի ուժն ու շքեղությունը։ Իր խաղով Շարա Տալյանը հայ ժողովրդի հիշողության մեջ մնաց որպես Սարոյի դերի չգերազանցված կատարողը։ Ներկայացումից հետո մարդկանց բազմությունը ջահերով դուրս եկավ փողոց։ Նրանք օպերայից հատվածներ էին երգում և այնքան սրտանց էին կատարում, որ արտացոլվում էր Թումանյանի հերոսների բնավորությունն ու Լոռվա բնությունը։ Հենց այդ ժամանակ պարզ դարձավ, որ «Անուշ» օպերան մեծ ապագա կունենա։