Վահան Տերյանի դուստեր՝ Նվարդի և Գևորգ Էմինի ԱՊԱՀԱՐԶԱՆԸ. Ինչպե՞ս ՆՎԱՐԴԸ զրկվեց ալիմենտ ստանալու իրավունքից.

Պատմում է Նվարդի և Գևորգի որդին.

«Ցավոք, Անահիտ Տերյանը 1950-ի աշնանը մահացել է, ինչից հետո, մեկ տարի անց, ծնողներս բաժանվել են: Բանն այն է, որ թե՛ մայրս, թե՛ հայրս չափազանց վառ անհատականություններ էին, ինչի մասին կվկայեն բոլոր նրանք, ովքեր ճանաչել են նրանց: Այդ պատճառով էլ նրանց համար դժվար էր ապրել մեկ տանիքի տակ: Դժբախտաբար, նրանց ամուսնալուծությունը կատարվել է ամենեւին ոչ խաղաղ ու արժանապատիվ, այլ՝ տգեղ ձեւով, ինչպես որ այն տարիներին հաճախ է տեղի ունեցել…

Բարեբախտաբար, ես տարիքով փոքր էի, եւ իմ հիշողության մեջ չեն տպավորվել այդ տգեղ պատկերները: Դրանց մասին ինձ հետագայում պատմել է եղբայրս՝ Վահանը: Նաեւ՝ գրականագետ Ռաֆայել Իշխանյանը, որը ցավով էր հիշում, թե ինչպես եւ ինչ հանգամանքներում է առաջին անգամ տեսել իր պաշտելի բանաստեղծ Վահան Տերյանի դստերը՝ Նվարդին: Դա եղել է Երեւանի կենտրոնում գտնվող դատարանի շենքում:

Իշխանյանի պատմելով, նա այնտեղ տեսել է մի ուշաթափված կնոջ եւ նրա 2 շփոթված ու լացող փոքրահասակ որդիներին: Ներկաները բացատրել են, որ դա Վահան Տերյանի դուստրն է՝ ապահարզանի դատից հետո: Այդ դատավարության արդյունքում՝ սուտ վկայություններով վարկաբեկված կնոջը զրկել են նույնիսկ ալիմենտ ստանալու իրավունքից… Հետեւանքն այն է եղել, որ մորս մոտ առաջացել է տուբերկուլյոզ, եւ նա ստացել է հաշմանդամության կարգ…»

Աղբյուր՝ «Հրապարակ օրաթերթ»