«Այդ փողը տար և երեխաներիդ համար շոր, կոշիկ առ». Դեմիրճյանին հիշում են որպես կոպիտ ու կտրուկ մարդ, բայց նա նույնիսկ պարտքով տված փողը չէր հետ վերցնում

Դերենիկ Դեմիրճյանն իմ (գրող Մկրտիչ Սարգսյանի – խմբ.) հայրենակիցն էր: Գիտեր, որ բանաստեղծություններ եմ գրում, բայց ոչ մի անգամ չխրախուսեց, հետաքրքրություն չցուցաբերեց և չկարդաց իմ չափածոն: Ես էլ չէի մղվում նրա կարծիքն իմանալու, որովհետև նա մի քանի անգամ կրկնել էր, որ.

— Եթե կարող ես արձակ գործեր ստեղծել, ստեղծիր, չես կարող՝ թարկ տուր…

Բայց ես ցանկանում եմ պատմել մի դեպք նրա կյանքից, ուր երևում է նրա բնավորությունը, մարդկային որակը, որ բավական հակասական է ժամանակակիցների հուշերում:

Հիսունական թվականների սկզբներն էին: Մեր գրողներից երկուսը մի օր դիմեցին ինձ՝ միջնորդել Դեմիրճյանին, որ իրենց 1000-ական ռուբլի փող տա պարտքով՝ արդեն մարդկանց դռները թակող նոր տարին պատշաճորեն դիմավորելու համար: Դեմիրճյանի խստակյաց բնավորությունը և նրա նկատմամբ իմ ծայրահեղ պատկառանքը թույլ չտվին ինձ՝ դիմելու նման համարձակության, և ես մերժեցի տղաներին: Սակայն պարզվեց, որ նրանք ձեռք քաշողը չէին, մանավանդ նրանց լեզվի առջև նահանջեց իմ համառությունը: Եվ մենք քայլեցինք դեպի գրողի տուն:

Ճանապարհին տղաներին ասացի, որ Դեմիրճյանի զրույցների սիրած թեման հայրենասիրությունն է, և եթե խոսելու իրավունք ու հնարավորություն ստեղծվի, խոսեն այդ թեմայով: Սրտադող սեղմեցի դռան զանգի կոճակը: Դուռը բացեց ինքը՝ Վարպետը, գրկած իր սիրելի կատուներին: Հայացքում հայտնվեցին հարցականներ: Ինչո՞ւ ենք եկել: Սակայն մի կողմ քաշվեց և ճանապարհ տվեց մտնելու: Մտանք: Դեմիրճյանը երևաց, որ տրամադրված էր խոսելու: Այստեղ իր լեզվով ու պատմաիմացությամբ «փայլեց» Ս.-ն, որն այնպիսի մի հայրենասիրական բուքուբորան սարքեց, որ Դեմիրճյանը դժվար է ասել՝ վախեցա՞վ, թե՞ զգուշացավ: Նրա հայացքը մեխվեց ինձ վրա: «Ինչե՞ր է խոսում, չլինի հանկարծ…»: Ես նշանացի հասկացրի, որ խոսակիցներն անվնաս մարդիկ են: Բայց քիչ անց հոգնած Դեմիրճյանը ինքը վերջակետ դրեց խոսքուզրույցին.

— Լավ, դե ասեք՝ ինչո՞ւ եք եկել…

 Ս.-ն պինդ հուպ տվեց ոտքս, իբր թե՝ խոսի՛ր…

— Վարպե՛տ, տղաները եկել են փող խնդրելու, նորի տարին մարդավարի անցկացնելու համար: Պարտքով են ուզում…

Դեմիրճյանի քթարմատը կնճռոտվեց.

— Փող, փող… Լա՛վ, եղավ, գնացեք…

Դրսում երկար քննարկեցինք նրա «լավ, գնացեք» բառերը: Փաստորեն դուրս արեց մեզ: Պետք է ենթադրել, որ «լավ»-ը հուսատու բառ էր, իսկ «գնացեք»-ը վռնդելու լիցք ուներ իր մեջ: Ընդհանուր եզրակացության չեկած՝ բաժանվեցինք: «Այդ էլ քո հայրենակիցը…»,- շպրտեցին երեսիս:

demirjyan

Հաջորդ օրը գնացի աշխատանքի: Ականջս ձայնի էր՝ տեսնես Դեմիրճյանը կտա՞ տղաներին իր համարյա խոստացած փողը: Ցերեկվա ժամը մոտ երկուսին զանգ եղավ: Վերցրի՝ Ս.-ն էր.

— Եղա՛վ, եղա՛վ, Մկրտի՛չ, փողն ստացանք:

— Ե՞րբ, ինչպե՞ս…

— Պարզվում է՝ ծերուկն առձեռն փող չի ունեցել: Այսօր առավոտյան գնացել է խնայդրամարկղ, հանել հարկավոր գումարը, ծրարել և հանձնել գրողների միության գործերի վարիչին՝ Հեղինե Շիրազյանին, և խնդրել, որ հանձնի մեզ: Նա էլ մեզ զանգահարեց, կանչեց միություն և հանձնեց ծրարները: Այսքա՛ն…

Անցան օրեր: Մի օր Հ.Ս.-ն եկավ ինձ մոտ.

— Արի գնանք Դեմիրճյանի մոտ…

— Ինչո՞ւ…,- տագնապեցի ես:- Չլինի՞ նորից դրամ խնդրելու:

— Գնանք, ուզում եմ պարտքս մարել…

— Գնանք,- արագ համաձայնեցի ես:

Դեմիրճյանն այս անգամ մեզ դիմավորեց դռան առաջ: Հասկացանք, որի չի ցանկանում ընդունել, երևի զբաղված է:

— Ինչո՞ւ եք եկել…,— հարցրեց չոր:

— Եկել եմ պարտքս տալու,— խոսեց Հ.-ն:

— Ի՞նչ պարտք,— հարցրեց գրողը:

— Դե, այն հազար ռուբլին…

— Հա՜,- ծոր տվեց Դեմիրճյանը,- լսի՛ր, դու երեխաներ ունե՞ս…

— Ունեմ,— ասաց:

— Այդ փողը տար և երեխաներիդ համար շոր, կոշիկ առ…,- և հետո ժպտալով,— ա՛յ տղա, ինձ ո՞վ է պարտքը վերադարձրել, որ բերել ես, գնացե՛ք, գնացե՛ք…