«Ավո՛, ես արդեն քնում եմ, քնելու ժամանակավոր դարմանը գտել եմ». զավեշտալի պատմություն՝ թե ինչպես էին երկու մեծ գրող Իսահակյանն ու Դեմիրճյանը պայքարում անքնության դեմ

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մեր մեծերից Ավետիք Իսահակյանը և Դերենիկ Դեմիրճյանը փնտրում էին որևէ միջոց անքնության դեմ, բացի բժշկական հաբերից, որ ծերուկներն այնքան էին խմել, որ զզվել էին: Ի՞նչ կարելի է անել, ի՞նչ միջոցներով կարելի է փրկվել անքնության հրեշից: Եվ մի անգամ Դեմիրճյանը պարզորոշ կերպով ասաց Իսահակյանին.

— Ավո՛, ես արդեն քնում եմ, քնելու ժամանակավոր դարմանը գտել եմ:

— Յա՜, ինչ ես ասում,— վառվեց Վարպետի հետաքրքրությունը,- ինչո՞վ, ինչպե՞ս…

— Մեր արձակագիր Ս…-ն մի ծավալուն վեպ է գրել, ամեն երեկո գալիս է ընթերցելու, որպեսզի իմանա իմ կարծիքն ու դիտողությունները: Շնորհակալ եմ, կարդում է միալար, քնեցնելու ձայնով: Նա կարդում է, ես քնում եմ: Եվ այնքան խորը, որ նույնիսկ գնալը չեմ զգում: Արդեն երկու շաբաթ է՝ քնում եմ: Ասել եմ, որ յուրաքանչյուր անգամ ընթերցելիս նկատի ունենա, որ ես շատ եմ հոգնում, և մեծ հատվածներ չընթերցի: Այսպիսով՝ երկարաձգում եմ քնելուս ժամանակը…

— Դերո՛, ինչպե՞ս անենք, որ ես էլ օգտվեմ այդ դեղամիջոցից,- հարցնում է Իսահակյանը,— գուցե իրեն ասես, որ այնքան ես գովել իր վեպն ինձ մոտ, որ վառել ես իմ հետաքրքրությունը, ես էլ ցանկություն ունեմ լսելու նրա վեպի ընթերցանությունը…

— Մինչև լրիվ չընթերցի ինձ մոտ, ես այդ բանն անել չեմ կարող…

— Իսկ որքա՞ն ժամանակ է հարկավոր, որ վեպի ընթերցումն ավարտի…

— Առնվազն մեկ ամիս, Ավո՛…

— Չէ, ես այդքան սպասել չեմ կարող, դու մի երկու շաբաթ որ ընդմիջում անես, ես երկու շաբաթ կքնեմ և ջղերս մի քիչ կարգի կբերեմ…

— Չէ, Ավո՛, ուզած-չուզած պիտի  սպասես, այդ միջոցում ես բավական չափով կկազդուրվեմ, կհանգստանամ, հետո դու կսկսես քո բուժումը…

 -Լսի՛ր, տո թաժա՛ մեռել, տո իբլի՛ս (սատանա), էդպե՞ս է քո ընկերությունը,— ասում է Իսահակյանը՝ բարձրացնելով գավազանը:

— Ամա՜ն, վարպետներն իրար ծեծում են,- բղավում է գործերի կառավարիչ Հեղինե Շիրազյանը, և ընդունարան են վազում երկու-երեք հոգի, Ռաֆայել Արամյանն էլ՝ նրանց հետ:

Իհարկե, ծեծ կամ քաշքշուկ չէր եղել, և ըստ Ռաֆայել Արամյանի տեղեկատվության՝ 80-ամյա ծերունիները հևում և փնչում էին վիրավորանքից: Մարդկանց, մանավանդ՝ երիտասարդ գրողների ներկայությունը, ստիպում էր նրանց զինաթափվել, մի կողմ դնել գավազանները:

Անցան ամիսներ, խնդրո առարկան՝  Ս…-ի գիրքը, լույս տեսավ և անմիջապես հետևեց Դերենիկ Դեմիրճյանի դրական հոդվածը, որը գրական աշխարհն ընդունեց թերահավատորեն: Նույնիսկ ես՝ ամոթս ի բուռ, հարցրի նրան.

—  Ընկե՛ր Դեմիրճյան, այդ գիրքը չարժեր քո խրախուսանքին:

Ժպտաց դեմիրճյանական մարմրող խորամանկ ժպիտով.

—  Գիտե՛մ, գիտե՛մ, բայց ե՛ս, ե՛ս… պարտքերս մարեցի…

Աղբյուրը՝ yerkir.am

demirjyan isahakyan