«Իսկ հետո՝ պուկ, Լենինականով դեպի Երևան, լավ եմ մտածել, չէ՞». Դեմիրճյանը սրտի հիվանդության պատճառով չէր գնում իր ծննդավայր Ջավախք, բայց մի օր մի ամբողջ պլան ծրագրեց այնտեղ հայտնվելու համար

Դերենիկ Դեմիրճյանն իմ (գրող Մկրտիչ Սարգսյանի – խմբ.) հայրենակիցն էր: Իմ հազվադեպ այցելություններին իրենց տուն, չնայած ոչ այնքան հյուրընկալ բնավորությանը, սիրում էր խոսք բանալ հայրենի Ջավախքից, մանավանդ՝ Ախալքալաքի հնաբնակներից, որոնց ես լավ չգիտեի:

Հիշում էր քաղաքի ու քաղաքամերձ տեղանունները, և երբ լրացնում էի իր իմացածը, ոգևորվում էր ու փոխվում: Զգում էի, որ հուզվում է, կարոտում իր ծննդավայրը, ուր չէր եղել ավելի քան չորս տասնամյակ: Եվ մեղավորը սրտի ասթմատիկ հիվանդությունն էր և ծննդավայրի բարձրագահ լինելը:

Հիշում եմ՝ նրան ասացի, որ հարկավոր է գոնե մի անգամ լինել Ախալքալաքում, ախր նեղանում են մեր հայրենակիցները: Սաստիկ նեղացավ.

-Ի՞նչ է, չե՞ս հասկանում, որ իմ այս սրտով այն բարձր աշխարհում չեմ կարող մի օր իսկ ապրել, կգնամ պապերիս մոտ:

demirjyan

Բայց օրեր անց ասաց, որ երկար մտածել է Ջավախք գնալու մասին.

Կանենք այսպես. կնստենք գնացք ու կգնանք Թիֆլիս: Մի շաբաթ կմնանք, կկլիմայափոխվենք: Կլիմայափոխությունը մեր ճանապարհորդության կարևորագույն էլեմենտն է: Մի շաբաթ էլ կմնանք Ախալցխայում: Հետո կնստենք ավտոբուսն ու կբարձրանանք Ջավախք: Երեկոյան կհանդիպենք հասարակության հետ, իսկ մյուս առավոտյան՝ պուկ, Լենինականով դեպի Երևան:

Հետո ոգևորված՝ լավ եմ մտածել, չէ՞…

— Բայց քիչ չէ՞ մեկ երեկոն…,- անմտորեն ջուր եմ լցնում նրա ոգևորության վրա:

— Նույնիսկ շատ է, ասող-խոսողը սիրտս է, ես չեմ,— ավարտում է նա: