«Հայրս խոտ ուտելով ողջ մնաց, կյանքի վերջին օրերին անգամ նրան հուզում էր այն հարցը, թե ինչ պատահեց իրենց փոքր եղբորը». Բալոյանների փրկության պատմությունը

Ցեղասպանությունը վերապրած Անդրանիկ Բալոյանը Չիլիի հեռուներում մի փոքրիկ Հայաստան է հիմնել, և այսօր նրա ժառանգները շարունակում են նրա գործը։

«Փոքր տարիքից ես սարսափելի պատմություններ եմ լսել ու, որպես հետևանք, մեծացել եմ չլուծված այս խնդրի հետ և այն զգացողությամբ, որ մեզնից ինչ-որ բան են խլել։ Սա ինձ ներշնչել է խոր սեր դեպի իմ արյունը»,– ասում է Դիեգո Բալոյանը՝ երիտասարդ ճարտարապետ, որի կյանքը երեք սերնդի վրայով կամրջում է Չիլին Հայաստանի հետ։

Նրա մեծ պապը՝ Անդրանիկ Բալոյանը, ծնվել էր Բալուում (ներկայիս Փալու, Թուրքիայի արևելքում), որտեղ նրա ընտանիքը խաղողի մեծ այգիներ ուներ։ Նա մահից փրկվել է զուտ այն պատճառով, որ այդ շրջանի կոտորածի կազմակերպման պատասխանատու թուրք սպան նրան գերի է վերցրել՝ մտադիր լինելով թրքացնել երեխային, և անգամ նրան «Ալի» է անվանել։ Հետագայում, սակայն, նա իր երեք եղբայրների հետ հարկադրված միացել է դեպի Դեր Զորի անապատ քշվող մահվան քարավանին։ Անդրանիկին ու նրա ավագ եղբայրներին հաջողվում է փախչել, բայց նրանց փոքր եղբայրը, որն ընդամենը երեք տարեկան էր, հետ է ընկնում։ Երեք եղբայրները կտրում են անապատն ու հասնում Հալեպ։

«Հայրս խոտ ուտելով ողջ մնաց,– հիշում է Նաչոն՝ Անդրանիկի որդին և Դիեգոյի պապը,-նա սպանությունների, բռնաբարությունների և այլ ոճիրների ականատես դարձավ և հետո մեզ պատմում էր, թե ինչ արյունռուշտ էին թուրքերը՝ անօրինակ չարագործությունների ունակ, ու թե ինչպես հայերը ցեղասպանվեցին սեփական երկրում։ Կյանքի վերջին օրերին անգամ նրան հուզում էր այն հարցը, թե ինչ պատահեց իրենց փոքր եղբորը»։

Անդրանիկի քեռին, որը Համիդյան ջարդերի առաջին ալիքի ընթացքում փախել էր Սիրիա, օգնեց եղբայրներին հաստատվել Հալեպում, որտեղ էլ նրանք ապրեցին երկու տարի։ Քեռու ընտանիքն ապա տեղափոխվեց Չիլի, և եղբայրները որոշեցին ռիսկի դիմել։ Երկար ուղևորությունից հետո, որի ընթացքում նրանք ստիպված եղան կտրել-անցնել Անդյան լեռնաշղթան, Բալոյանները հասան Պուերտո Մոնտ։ Հինգ տարի անց նրանք հաստատվեցին երկրի մայրաքաղաք Սանտյագոյում։

Սանտյագոյում երեք եղբայրները միավորեցին իրենց ուժերն ու մուտք գործեցին տեքստիլ արդյունաբերության ոլորտ։ Առաջին քայլերը մեծ չէին՝ նրանք ընդամենը հագուստ էին գնում ու վաճառում։ Բայց հետո սեփական հաստոց հայթայթեցին և ինքնուրույն արտադրություն ձեռնարկեցին։ Նրանց երեք երեխաները ծնվել են Չիլիում և հայկական դաստիարակություն ստացել։ «Ես չիլիացի չեմ, ես հայ եմ։ Մենք ասում ենք, որ մենք Չիլիում ծնված հայ ենք»,– ասում է Նաչոն։

1930-ականների ճգնաժամը մեծ հարված հասցրեց Չիլիին, բայց եղբայրները հաջողացրին չխորտակվել։ «Ծնողներս օրուգիշեր աշխատում էին։ Հայրս ասում էր, թե հայը միշտ վճարում է, և այդպես էլ նրանք վերապրեցին ճգնաժամը։ Նա նպատակասլաց էր ու աշխատասեր։ Ցեղասպանությունից փրկված մարդն այլ կերպ լինել չէր կարող»,– ասում է Նաչոն։ Այդպես էլ նրանք դարձան հաջողակ գործարարներ:

diego baloyan

Հայրենիքի սերն ու կորցրածի կարոտն Անդրանիկին ստիպեցին Մայր Հայաստանից 15 հազար կմ հեռավորության վրա նոր Հայաստան հիմնել։ Այդ տարիներին հին մայրցամաքից ներգաղթողների նոր ալիք եկավ Չիլի, և կառավարությունը նրանց տեղավորեց քաղաքային մարզադաշտում։

«Հայրս գնաց հայեր փնտրելու և նրանց տուն բերեց։ Սրահում ամենուր ներքնակներ էին։ Մենք նրանց ապաստան ու գործ տվեցինք ֆաբրիկայում»,– հպարտությամբ հիշում է Նաչոն։

«Ես անգամ իմ սենյակն էի հաճախ տրամադրում»,– ավելացնում է նրա եղբայր Սիմոնը։ Այսպես Անդրանիկն ասես կնքահայր դարձավ նոր եկած հայերի համար՝ բոլորին օգնելով ոտքի կանգնել և նոր կյանք սկսել։ Այսօր «Հայ տան»՝ տեղի հայ համայնքի կենտրոնի սրահներից մեկը կրում է նրա անունը։ 

Այժմ ընտանիքն առաջնորդում է Անդրանիկի ծոռը՝ Դիեգոն։ Բասկ մորից և հայ հորից ծնված Անդրանիկը պնդում է, որ հասակ է առել ամբողջությամբ հայկական միջավայրում ու արմատներով խորապես կապված է զգում այն հեռավոր ու հին երկրի հետ, որտեղ երբեք ոտք չի դրել։ Նա երազում է այցելել նախնյաց երկիր և կենդանի է պահում նրանց ժառանգությունը։ «Այդ պայքարը դարձել է իմ շարժիչ ուժը, այս հարցը միավորում է բոլորիս։ Մեր առաքելությունն է՝ պահպանել տառապյալների մասին հիշողությունն ու նրանց պատիվը»,– հաստատակամորեն պնդում է Դիեգոն: Նա այժմ այն երիտասարդների խմբից է, որոնք շարունակում են իրենց պապերի գործը՝ վառ են պահում հայոց ջահը։

«Կարծում եմ՝ ժամանակն է շրջելու այս էջը։ Ու չնայած պատահածին հնարավոր ոչ մի փոխհատուցում չի լինելու, եթե անգամ այն երբևէ ճանաչվի, մենք պետք է սկսենք արժևորել ամեն հայկականը, պիտի անցնենք ողբերգությունից անդին։ Մենք միայն տառապանքից չենք ստեղծված»,– վստահեցնում է նա։

Դիեգոն առաջարկում է սովորել ընդունել պատմությունը և, առանց անցյալը մոռանալու, ընդունել նոր մարտահրավերները։