Այս ԳՐՈՂԸ թարգմանվել է ավելի քան 20 լեզուներով. ՆԱ արժանացել է մի շարք մրցանակների. Հիշո՞ւմ եք նրա «Յոթ երգ Հայաստանի մասին» կինոնկարը.

Հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ Գևորգ Էմին (Կառլեն Մուրադյան) ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր, Չարենցի անվան մրցանակի դափնեկիր գրել է «Նախաշավիղ», «Խաղաղության ծխամորճը», «Նորք», «Նոր ճանապարհ», «Որոնումներ», «Երևանի լույսերը», «Մինչև այսօր», «Երկու ճամփա», «Այս տարիքում», «Քսաներորդ դար», «Յոթ երգ Հայաստանի մասին», «Ելք Եգիպտոսից» բանաստեղծությունների, պոեմների և ակնարկների գրքերը։

Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, լատիշերեն, լեհերեն, վրացերեն, կորեերեն, ուզբեկերեն, բելառուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն, ավարերեն, բուլղարերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն, լիտվերեն և այլ լեզուներով։

Հայֆիլմ կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Յոթ երգ Հայաստանի մասին» կինոնկարը, որն արժանացել է անդրկովկասյան և ուկրաինական ֆիլմերի երևանյան փառատոնի գլխավոր՝ «Պրոմեթևս — 69» և Լենինգրադյան համամիութենական փառատոնի երկրորդ մրցանակներին։ Երևանի էքսպերիմենտալ թատրոնը բեմադրել է նրա բանաստեղծությունների մոտիվներով ստեղծված «Անձրևի երաժշտություն» դրաման։ Գ. Էմինը հայերեն է թարգմանել այլազգի հեղինակների, որոնցից լավագույնները ամփոփված են «Գիրք թարգմանությանց» (Երևան, 1984 թ.) գրքում։ Գևորգ Էմինը մահացել է 1998 թ. հունիսի 11-ին Երևանում։