ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ, ով գրեց միայն ՀԱՅ ժողովրդի ծանր, բայց և ՀԵՐՈՍԱԿԱՆ ոգու մասին և հռչակվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ. ՆՐԱՆ պարտավոր ենք ճանաչել

Հայ կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, ՀԽՍՀ (1961), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1977) Գրիգոր Եղիազարյանը հայ երգի ու մշակույթի մեծ անուններից մեկն է:

Գրիգոր Եղիազարյանը հայ արդի կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է նրա սաներից են Գևորգ Արմենյանը, Ալեքսանդր Աճեմյանը, Էմին Արիստակեսյանը, Էդուարդ Բաղդասարյանը, Գրիգոր Հախինյանը, Էդգար Հովհաննիսյանը, Գեղունի Չթչյանը, Մարտուն Իսրայելյանը, Երվանդ Երկանյանը, Էդուարդ Հայրապետյանը, Աշոտ Զոհրաբյանը և ուրիշներ։

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սուրմալու գավառի Բլուր գյուղում: 1930թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանը, 1935թ.՝ Մոսկվայի կոնսերվատորիայի Ն.Մյասկովսկու կոմպոզիտորական դասարանը: 1938թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում (1959թ-ից՝ պրոֆեսոր): 1954-60թթ եղել է կոնսերվատորիայի ռեկտորը: 

Կոմպոզիտորի կենսահաստատ արվեստում իշխող թեման իր ժողովրդի ծանր, բայց և հերոսական անցյալն է, որի մասին նա խորհում է առասպելի ու դյուցազնական պատումի, այլաբանության միջոցով՝ իր ժողովրդին մշտապես հայրենի բնաշխարհի հետ սերտորեն կապված տեսնելով: 

Հայրենական մեծ պատերազմի փորձությունների շրջանում ծնվեց «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը՝ կոմպոզիտորի առաջին մեծածավալ կտավը, որը 40-ական թվականների ազգային սիմֆոնիկ երաժշտության լուրջ նվաճումների խորհրդանիշն եղավ։

Դեռևս 1946 թվին, Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկի» բեմականացման երաժշտությունը հորինելիս, Եդիազարյանը, մեծապես տարված լինելով այղ թեմայով, մտադրվել էր մի նոր, երաժշտական-թատերական գործ ստեղծել։ Բալետի բեմադրությանը (լիբրետոյի հեղինակներ՝ Լ. Լավրովսկի, Վ.Վարդանյան, այնուհետև՝ Մ.Մարտիրոսյան), որն իրականացավ 1982թ., նախորդեց բալետի երաժշտությունից կազմված սյուիտների համերգային կատարումը։ Այն բարձր գնահատականի արժանացավ։ Բալետի բեմադրությունը հնարավորություն տվեց ամբողջացնել պատկերացումը այդ ուշագրավ ստեղծագործության մասին։ 

Հեղինակել է «Ռապսոդիա» (1939թ.), «Քնարական պատկերը» (1939թ.), «Հայաստան» (1942թ.), «Խորեոգրաֆիկ պատկերը» (1943թ.), «Արևածագին» (1952թ.), «Հրազդան» (1960թ.) սիմֆոնիկ պոեմները, «Սնան» (1956թ., երկրորդ խմբագրում՝ «Անուրջների լիճը», 1968թ.), «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (1973թ.) բալետները, ռոմանսներ և այլն:

1953-57թթ եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության նախագահը: 1970թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշանով: 1961թ. արժանացել է Հայաստանի, 1977թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: