«Մի քանի անգամ մահից փրկվել ԵՆ, ՏՂԵՍ ասել է՝ որ էս անգամ էլ փրկվեցինք, մենք անմահ ենք». 19-ամյա ՀԵՐՈՍ ՎԱՀԵԻ մայրը աղջկա համար է շարունակում ապրել  

43-ամյա Լուսիկ Մանուչարյանն ասում է՝ երբեք չէր պատկերացրել, որ կարող է առանց որդու՝ Վահեի ապրել։ 

Լուսիկի որդին՝ 19-ամյա Վահե Մխիթարյանը, զոհվել է Մարտունիում՝ Մաճկալաշեն գյուղում։

Մայրը պատմում է՝ Վահեն ժամկետային զինծառայող էր Իվանյան տանկային զորամասում, երբ սկսվել է պատերազմը։ Վահեն տանկիստ էր, պատերազմի առաջին իսկ օրից դիրքերում է եղել, հակառակորդի դեմ մարտնչել է Մատաղիսում, Աղդամում, Ջրականում, Մարտունիում։

Որդու ընկերները պատմել են, որ Ջրականում շրջափակման մեջ են հայտնվել, մի քանի անգամ մահից փրկվել, Վահեն ասել է՝ «Որ էս անգամ էլ փրկվեցինք, մենք անմահ ենք»։ 

«Մի անգամ էլ հետնահանջ է եղել, բայց տեխնիկան մնացել ա թուրքերի մոտ, ընկերները պատմում են, տղես ասել ա՝ դուք ինձ պահեք, ես կգնամ, հետ կբերեմ, երկու տանկ ա հետ բերել»։

Լուսիկն ասում է՝ մինչ հոկտեմբերի 29-ը որդու հետ ամեն օր խոսել է, չնայած որդին երբեք չի պատմել ու չի ասել, որ կռվի դաշտում է․ «Ասում էր՝ մեզ չեն թողնում մասնակցենք»։

Հոկտեմբերի 30-ին ծնողներն այլևս որդուց զանգ չեն ստացել, Լուսիկն ասում է՝ հոկտեմբերի 29-ի գիշերվանից սիրտն արդեն կանխազգում էր, որ ինչ-որ բան է պատահել որդու հետ։

«Ամսի 29-ի երազիս մեջ իրան էի անընդհատ ման գալիս, ամսի 30-ին որ չզանգեց, անհանգստացա։ Ամսի 31-ի առավոտյան իմացանք, նույն օրն էլ բերեցին․․․»- ասում է ու հուզվում Լուսիկը։

Որդեկորույս մայրն ասում է՝ այդ պահից կյանքը գլխիվայր փոխվեց․ 
«Ժամանակ կար, մտածում էի՝ մի բան անեմ, չապրեմ, աղջիկս մեղքս եկավ․․․»

Լուսիկն ասում է՝ որդին սիրում էր սպորտը, հատկապես ֆուտբոլը, սակայն դեռ մասնագիտության առումով չէր կողմնորոշվել: 
«Ասում էր՝ գնամ բանակ գամ, կկողմնորոշվենք՝ ինչ անենք, բայց երևի զգում էր, որ չի գալու»,- մորմոքով ասում է մայրը։

Վահե Մխիթարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով։

MediaLab.am