Ինչպես է Նվարդին հաջողվում վերականգնել հոր՝ ՏԵՐՅԱՆԻ գրական ժառանգության հանդեպ ունեցած իր ԻՐԱՎՈՒՆՔԸ. Ինչ է անում ՆԱ այդ ԳՈՒՄԱՐՈՎ.

Պատմում է Նվարդի որդին.

«Շուտով Նվարդին հաջողվում է վերականգնել հոր գրական ժառանգության հանդեպ ունեցած իր իրավունքը, եւ նա սկսում է ստանալ հոնորարներ, մասնավորապես, 1940-ին տպագրված Տերյանի «Լիակատար ժողովածու»-ինը, որի խմբագիրն Ավետիք Իսահակյանն է: Գումարների մի մասը նա տրամադրում է ամուսնու ազգականներին:

Տերյանի դստերը տրամադրում են նաեւ սենյակ՝ Տերյան փողոցում գտնվող «զոովետ ինստիտուտի» հանրակացարանում, որտեղ նա սկսում է բնակվել ամուսնու հետ: 1943-ին այնտեղ է ծնվում իմ ավագ եղբայր Վահանը: Այդ սենյակում են ծնողներս պահում-մեծացնում որբանոցից վերցրած եւ որդեգրած Չարենցի դստերը՝ Արփենիկին, որն ամբողջ կյանքում մորս անվանում էր «մամա»:
Մայրս չի երկյուղել եւ դիմել է ԽՍՀՄ գլխավոր դատախազին՝ խնդրելով ազատ արձակել «ժողովրդի թշնամի» հռչակված Եղիշե Չարենցի կնոջը՝ Իզաբելային: Բայց, ինչպես ինքն էր պատմում, պատասխան է ստացել, որ վերջինս աքսորավայրում ամուսնացել է եւ ունի հինգ երեխա…1947-ին մորս հատկացնում են առանձին բնակարան՝ Ստալինի (Մաշտոցի) պողոտայում: Դա շքեղություն էր, քանի որ այն օրերին շատերն ապրում էին կոմունալ՝ հարեւաններ ունեցող բնակարաններում:

ԱՂԲՅՈՒՐ՝ «Հրապարակ օրաթերթ»