Եվս մեկ առիթ Չարենց մարդուն, գործչին ճանաչելու համար. ի՞նչ են պատմում գրողի բացառիկ նորահայտ վավերագրերը

Չարենցագիտության ոլորտում որոնումները եւ նոր բացահայտումները երբեք չեն դադարել, դրանք այսօր էլ շարունակվում ենի հայտ բերելով նոր շերտեր ինչպես Չարենցի ստեղծագործական հանճարից, այնպես էլ նրա կյանքի եւ գործունեության ոլորտներից: Որպես ասվածի ապացույց Եղիշե Չարենցի ծննդյան 118-ամյակի առթիվ գրող, չարենցագետ Հովիկ Չարխչյանը «Ժողովուրդ»-ին է տրամադրել մեծ բանաստեղծի ձեռքով գրված երկու բացառիկ նորահայտ վավերագրեր, որոնք հրապարակվում են առաջին անգամ: Առաջին փաստաթղթում կարդում ենք.

«N 910

18 փետրվար, 1921թ.

Երեւան Ամերիկյան Կոմիտեին Հասկելի նախկին բնակարանի ներքեւի հարկում, ուր հիմա տեղավորված է Ամերիկյան Միսիան, Լուս. Ժող.Կոմիսարիատից տարված են մի շարք նկարներ, այն է`

1.Երկանյանի «Հայ բանաստեղծ»

2…..«Աշխատանք եւ հսկում»

3.Ռուբեն «Փարիզի փողոց»

4.Շարբաբչյանի «Բրիտանացի երեխա»

5…..«Սուրամի բերդը»

6.Թադեւոսյանի «Հովերգական»

Քանի որ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հիմնում է ժողովրդական պատկերասրահ, որի համար միանգամայն անհրաժեշտ են հիշյալ նկարները, ուստի խնդրում եմ հայտնեք մեզ, թե երբ եւ որտեղ կարող եք հանձնել հիշյալ նկարները մեր ներկայացուցիչ ընկ. Բաշինջաղյանինտեղափոխելու համար Լուսավորության ժողովրդական կոմիսարիատ: Արվեստի բաժնի վարիչ Չարենց,

Քարտուղար»:

Հովիկ Չարխչյանը, անդրադառնալով այս վավերագրին, մեզ հետ զրույցում ընդգծեց, որ այն արժեքավոր է ոչ միայն այն պատճառով, որ գրված է Չարենցի կողմից, այլեւ ապացույցն է այն բանի, որ գրողն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման աշխատանքներին: Նա ընթերցողին առաջարկեց ուշադրությունը բեւեռել նաեւ այն փաստի վրա, որ այս գրությունը կազմվել է 1921 թվականի փետրվարի 18-ին` ճիշտ այն օրը, երբ Հայաստանում բռնկվեց Փետրվարյան խռովությունը: Փաստաթուղթը ներկայացնելուն զուգահեռ ծանոթագրության կարգով հավելենք, որ նամակում հիշատակված Ուիլյամ Հասկելն ամերիկացի ռազմական, քաղաքական գործիչ, գնդապետ, Հայաստանում դաշնակից պետությունների գերագույն կոմիսարն է եղել: Ինչ վերաբերում է այն արվեստագետներին, որոնց կտավները պահանջում է Չարենցը, ապա տեղեկացնենք, որ Սարգիս Երկանյանը գեղանկարիչ էր, ով 1920-ին բնակության մեկնեց Միացյալ Նահանգներ: Ցանկում հիշատակված նրա կտավներն այժմ գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Իսկ բեմանկարիչ Գրիգոր Շարբաբչյանը 1921թ. Թիֆլիսի հայկական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչն էր: 1926-ին հենց Շարբաբչյանը պետք է ձեւավորեր Չարենցի «Կապկազ-թամաշան»:

Գրականագետի ներկայացրած երկրորդ բացառիկ փաստաթուղթը Չարենցի պաշտոնական նամակն է զինվորական ժողովրդական կոմիսարին: Ընդ որում, այն նմանատիպ բովանդակությամբ առաջին նամակը չէ` գրված Չարենցի կողմից: Հովիկ Չարխչյանը նշեց, որ արվեստի կոմիսար աշխատած տարիներին Չարենցը օգնության ձեռք է մեկնել բազմաթիվ երիտասարդ արվեստագետների եւ մշակութային գործիչների: Նրանցից շատերն իրենց հետագա հաջողությունների համար մեծապես պարտական են Չարենցի ուշադրությանն ու մարդկային վերաբերմունքին: Փաստաթղթում կարդում ենք.

«Զինվորական ժողովրդական կոմիսարին.

Նո. 694 ամսիս 26-ի գրությամբ խնդրել ենք ուղարկել Լուսժողկոմիսարիատի Արվեստի բաժնի տրամադրության տակ կարմիրբանակային Սեդրակ Թարիվերդյանին, որը երաժիշտ է Երեւանի Գավհեղկոմի թատերա-երաժշտական խմբում, որպես մասնագետ թառանվագ միանգամայն անփոխարինելի է Պետական երաժշտախմբի համար, բայց չնայած դրան՝ սվոդնի զինվորական հիվանդանոցի վարչությունը, որի տրամադրության ներքո գտնվում է այժմ կարմիրբանակային Սեդրակ Թարիվերդյանը, պատասխանել է մեզ մերժումովառարկելով, որ հիշյալ Թարիվերդյանը հարկավոր է հիշյալ հիվանդանոցի համար: Խնդրում եմ կարգադրել ուղարկել բաժնիս տրամադրությանը հիշյալ Թարիվերդյանին, որի փոխարեն բաժինս կարող է ուղարկել հիվանդանոցային ուրիշ թառանվագներ կամ իրենԹարիվերդյանին, եթե հիվանդանոցում լինեն համերգներ: Զրկել Պետական երաժշտական խմբին միակ մասնագետ երաժշտից, նշանակում է անգործության ենթարկել մյուս երաժիշտներին եւ այսպիսով կասեցնել այն փոքրիկ գեղարվեստական գործը, որ կատարվում է խորհրդային Մայրաքաղաքի բանվորական թատրոնում: Արվեստի բաժնի վարիչ Չարենց N802 2./.6. 1921»:

Մարտի 13-ը մեծ գրողի ծննդյան օրն է, եւ սա նրան նորովի բացահայտելու, Չարենց մարդուն, գործչին ճանաչելու եւս մեկ առիթ է:

Աննա Բաբաջանյան