«Ես ամուսնուցս բաժանվեցի, երբ Տիգրանս ընդամենը 4 տարեկան էր, այդ օրվանից հորը չի տեսել». կարդացե՛ք բոլորի կողմից սիրված, Դի Կապրիո մականունով հայտնի ՀԵՐՈՍ ՏԻԳՐԱՆԻ մասին

Արցախյան վերջին պատերազմում մինուճար որդուն՝ 24-ամյա Տիգրանին, կորցնելուց հետո 47-ամյա Լիանա Ավետիսյանն ասում է՝ փորձում է իրեն ձիգ և ուժեղ պահել, որովհետև որդին իրեն միշտ էդպես է տեսել, հիմա էլ պիտի շարունակի նույն կերպ տեսնել, այլ տարբերակ չկա, միայն հավատն է Աստծո հանդեպ կորցրել։

«Ես միշտ վախով եմ ապրել Տիգրանիս կյանքի համար, Աստծուն աղոթում էի, որ Տիգրանիս համար լավ լիներ, բայց երեխուս զոհվելու օրվանից Աստված իմ համար այլևս գոյություն չունի, երես եմ թեքել Աստծուց, որովհետև Աստված Տիգրանիս չպահեց, իմ անթերի Տիգրանին չպահեց»,- ասում է մայրը։ 

Լիանան որդուն իր ծնողների օգնությամբ է մեծացրել՝ բազում դժվարություններ կրելով։ Ասում է՝ ամուսնուց բաժանվել է, երբ Տիգրանն ընդամենը 4 տարեկան էր։ Այդ օրվանից տղան այլևս երբեք հոր հետ չի հանդիպել։ 

«Մենք Տիգրանի համար ամեն ինչ փորձում էինք հասցնել, նույնիսկ չեղած բանը ստեղծում էինք, որ ինքը ոչ մի բանի կարիք չզգար, բայց ինքն իրա տեղը տարբեր ճանապարհներ էր փնտրում մեզ օգնելու համար։ 14 տարեկանից սկսեց աշխատել՝ առաջին աշխատանքն էլ ծիրան հավաքելն էր։ Մատուցող էր աշխատում, բարմեն, նույնիսկ մոյկայում ա աշխատել։ Ինքն ամեն ինչ անում էր, որ մեզ լավ զգանք»,- հիշում է մայրը։

Իր յուրահատուկ արտաքինի շնորհիվ Տիգրան Հարությունյանը ընկերների շրջանում ձեռք էր բերել երիտասարդ Դի Կապրիո մականունը, բոլորն էին հիանում նրանով, իսկ փողոցով քայլելիս անցորդները երբեք անտարբեր չէին մնում։ 

«Տիգրանիս երիտասարդ Դի Կապրիո էին ասում, բայց ինքն ավելի կատարյալ էր, քան նույնիսկ Դի Կապրիոն, անթերի էր, անթերի ու նաև բնավորությամբ էր էդպիսին»,- որդու մասին հպարտությամբ խոսում է մայրը։ 

Պարարվեստի պետական քոլեջն ավարտելուց հետո Տիգրանն ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտ ու մեկ միավորի տարբերությամբ սկսել սովորել անվճար համակարգում։ 

«Էդ ժամանակ շատ էինք ուրախացել, որ անվճար էր ընդունվել ու որ սովորելուց հետո նոր կգնար ծառայության, բայց էսօր վայ ենք տալիս էդ մեկ միավորին, ի՞նչ իմանայինք մեր գլխի գալիքը․․․»- ասում է մայրը։ 

Լիանան հիշում է՝ Տիգրանն էքստրիմի սիրահար էր։ Ասում է՝ չկար մի բարձրություն, որ Տիգրանը հաղթահարած չլիներ, չնայած ինքը միշտ վախը սրտում էր ապրում իր արկածախնդիր տղայի պատճառով։ 

«Ինձ ոչ մի բան ցույց չէր տալիս, որ չանհանգստանայի։ Մոտոցիկլետներ էր շատ սիրում, անընդհատ առնում ծախում էր, իրան էդ արագությունն էր դուր գալիս։ Էս վերջերս էլ պատահաբար մի տեսանյութ գտա, որտեղ Տիգրանն ուղղակի 9-րդ հարկից կախվում ա ու իրա հեչ վեջն էլ չի, ծիծաղում ա։ Մտածում եմ՝ ինչքան վրան կխոսայի, որ էն ժամանակ տեսած լինեի, բայց նույնիսկ հիմա էլ որ նայում եմ, մեկ ա՝ սիրտս կանգնում ա»,- պատմում է մայրն ու նշում՝ որդին շտապելով էր ապրում, ասում էր՝ պիտի ամեն ինչ հասցնեմ, ժամանակ չկա։ 

Մոր խոսքով՝ նույնիսկ կարգին քնելու ժամանակ չուներ, այնքան զբաղված էր։ Սովորելուն զուգահեռ պարում էր «Ամարաս» համույթում և Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում։ : Դերասանի կրթություն չուներ, բայց օժտված էր բնատուր արտիստիզմով, ու հենց դա էր պատճառը, որ միշտ տարբեր տեղերից նկարահանվելու առաջարկներ էր ստանում։ Նկարահանվում էր Outdance սիթքոմում, իսկ ավելի ուշ «Դետք» երաժշտական խմբից համագործակցելու առաջարկ էր ստացել, բանակից հետո պիտի սկսեր համագործակցել։ Նկարահանվել է բազմաթիվ հոլովակներում

«Ինքը պարը որպես մասնագիտություն չէր ընդունում, ասում էր՝ պարն ուղղակի հոբբի ա, ես իմ բիզնեսը պիտի սկսեմ։ Պատերազմի ընթացքում իրենց մոտ եղած քահանային ասել էր, որ գա, պիտի սրճարան բացի, ու էդ սրճարանը լիքը հաճախորդ կունենա։ Էդ մարդն իրեն հարցրել էր՝ էդ ո՞նց, ասել էր՝ իմ սրճարանի մատուցողները մարդիկ չեն լինելու, կապիկներ են լինելու․․․ ա՛յ էդքան վառ երևակայություն ուներ ինքը ու հաստատ կաներ ամեն ինչ, եթե պատերազմը չլիներ»։ 

«Մի օր էլ եկավ, ասեց՝ տա՛տ, աղջիկներն ինձ էնքան են կպնում, չեն թողում սիրահարվեմ, մի օր էլ բա՝ ես չեմ ամուսնանալու, ո՞ւմ հետ ամուսնանամ: Ասեցի՝ ժամանակը կգա, քո ղսմաթն էլ՝ հետը, բալե՛ս, բայց էդ ժամանակն էդպես էլ չեկավ, դրա փոխարեն պատերազմն եկավ գլխներիս»,- ասում է Տիգրանի տատը՝ Ալվարդ Հարությունյանը։ 

Տիգրան Հարությունյանի տատիկն ու մայրը

Տիգրանն իր հասակակիցներից քիչ ավելի ուշ մեկնեց ծառայության՝ 22-ում։ Մայրն ասում է՝ որդին ի սկզբանե Հադրութում է ծառայել, իսկ թե ինչու՝ ինքը այսօր է միայն փորձում կռահել՝ երևի Տիգրանն է այդպես խնդրել, այդպես էլ արել են։ Պատերազմի ընթացքում Տիգրանը նույնպես Հադրութում է կռվել, և հենց Հադրութն էլ դարձել է նրա վերջին հանգրվանը։ 

«Ես գիտեմ, Տիգրանին ու իրա բնավորությունը ճանաչելով պատկերացնում եմ, որ պատերազմը Տիգրանի համար էլի մի արկած ա եղել, իրան հետաքրքիր ա եղել էդ ամենը։ 

Զանգում, ասում էր՝ մա՛, ի՞նչ ա եղել որ, ի՞նչ պատերազմ, մենք հեռու ենք։ Ձեն էլ չէի լսում, ասում էի՝ ա՛յ տղա, դու Հադրութում ես, սենց-սենց բաներ են ասում, հո քեզ ակվարիումի մեջ չե՞ն պահում։ Ասում էր՝ սաղ տոչնի ա, մա՛մս։ 

Դուք չգիտեք՝ ի՛նչ էր իմ համար Տիգրանի ամեն օրվա զանգը, ոնց էի սպասում։ Զանգում էր, էլի ասում էր՝ մա՛մս, սաղ տոչնի ա։ Միակ օրը, որ չզանգեց, հոկտեմբերի 10-ն էր՝ իրա զոհվելու օրը, էդ օրը սիրտս սկսեց խփել, սկսեց լացս գալ, ձենով լացում էի, ես զգում էի, որ մի բան էն չի, բայց ասում էի՝ Տիգրա՛ն, մայրդ հետդ ա, ես քեզ ուժ եմ տալիս, որ քո մոտ ամեն ինչ լավ լինի»։ 

Տիգրանը զոհվել է հոկտեմբերի 10-ին Հադրութում «Բայրաքթարի» հարվածից ընկերոջ կյանքը փրկելիս, որի հետևանքով հարվածից վնասվել են սիրտը, թոքը, գլուխը: Մայրն ասում է՝ ականատեսների խոսքով՝ Տիգրանի վերջին բառերն են եղել՝ «մա՛, ես քեզ շատ եմ սիրում»։ Հոկտեմբերի 10-ից հետո հարազատներն ամեն հնարավոր ճանապարհով փորձել են գտնել նրան՝ այդ ընթացքում ապրելով անորոշության մեջ։  Տիգրանը 23 տարեկան էր:

«Էդ օրերին մտա մեր մոտի խանութներից մեկը, վաճառողն ասեց՝ գիտեք, չէ՞, ասում են, որ էս շենքում մի հատ սիմպատիչնի տղա կա, զոհվել ա… Ասեցի՝ ի՞նչ եք խոսում, դուք գոնե հասկանո՞ւմ եք, որ իմ Տիգրանի մասին եք ասում»,- ասում է Տիգրանի մայրը, իսկ տատիկը նշում է՝ այդ օրերին երազ էր տեսել և երազից ամեն ինչ հասկացել։

«Երազ էի տեսել՝ ես խոհանոցում կանգնած եմ, Տիգրանս էլ զինվորական համազգեստով եկավ, ուրախ ասեց՝ բարև, տա՛տ… Ասեցի՝ դո՞ւ ես, Տիգրա՛ն, ասեց՝ հա՛, ե՛ս եմ, եկել եմ, ուրախ չե՞ս: Ասեցի՝ Տիգրա՛ն ջան, ո՞նց ուրախ չեմ, բայց դու ո՞նց ես եկել, ընդեղ կռիվ ա, քեզ ո՞վ պիտի թողներ: Ասեց՝ տա՛տ, լավ, էլի, էլ հարցեր մի՛ տուր, մենակ գրկի ինձ, ուժեղ գրկի, շատ ուժեղ… Հետո ամուր գրկեցինք իրար։ Մի պահ որ ձեռքերը թուլացրեց, ասեցի՝ ո՞նց ես եկել, ասեց՝ տա՛տ, դե սենց ստացվեց։ Տենց արթնացա ես ու հասկացա, որ ինքը եկել էր հրաժեշտ տալու»։

Տիգրանի մարմինը նոյեմբերի 7-ին գտել է նրա ընկերը Երևանում գտնվող դիահերձարանում, որտեղ զոհվածների լուսանկարների մեջ տեսել է Տիգրանի լուսանկարը։ 

«Էդ օրը դուռը բացեցի, իմ գյուղի քեռիները հելան դեմս, հենց էդ պահին էլ ամեն ինչ հասկացա։ Գիտե՞ք, առաջ որ մի լավություն էի անում, ասում էի՝ Աստվա՛ծ ջան, Տիգրանիս դեմը բեր արածներս, էսօր էլ եմ շարունակում լավություն անել, չեմ չարացել, որ հնարավորություն ունենամ Տիգրանիս տեսնեմ, որովհետև որ վատություն անեմ, Տիգրանիս մոտ չեմ գնա։ 

Մեկ-մեկ որ ծնողներով հավաքվում ենք, ու կողքերս սկսում են լացել, ասում եմ՝ հավաքե՛ք ձեզ, չփորձե՛ք լացել։ Ես էլ եմ ամեն օր լացում, բայց դրսում ցույց չեմ տալիս։ Ես շարունակում եմ ապրել, ծիծաղել, հագնվել ու, հա՛, հումոր էլ եմ անում, որովհետև մտածում եմ, որ Տիգրանս ինձ տենց կուզեր տեսներ։ Ցայտաղբյուր էլ չուզեցի, որ սարքեն Տիգրանիս համար, որովհետև մարդիկ պիտի անցնեին, վայ-վույ անեին, իսկ ես չեմ ուզում տենց։ Իմ սիրտը հանգիստ ա, որ երեխուս համար ամեն ինչ արել եմ ու միշտ ասել եմ, որ իրան շատ եմ սիրում ու թե ինչքան հպարտ եմ, որ իրան ունեցել եմ․․․ Մաման քեզ շատ ա սիրում, Տիգրա՛նս, մեռնեմ ջանին, արև՛ս»,- ասում է Լիանան։ 

MediaLab.am