«Հայ երգը կատարելիս պետք է փոխել մտածելակերպն ու հոգեբանությունը» ԿՈՄԻՏԱՍՅԱՆ երգերը ՇԱՐԱ ՏԱԼՅԱՆԻ կատարմամբ.

Շարա Տալյանը հայ երգի կոմիտասյան երգեցողության ոճի լավագույն հետևորդներից է։ Նրանք, ովքեր լսել են Կոմիտասի անմահ երգը, պահպանված ձայնագրությունները, պիտի կարողանան նկատել, որ թեև Շարա Տալյանի երգեցողության ոճն ունի իր ուրույն, միայն իրեն հատուկ ու եզակից երանգը, սակայն նա հիմնվում է կոմիտասյան երգեցողության սկզբունքային դրույթների ու առանձնահատկությունների վրա։ Նա ինքն էլ զբաղվել է հայ երգի կատարման տեսական հարցերով։ Նա կարևորում էր երկար տևողությամբ հնչյունների վրա ձայնի սահումներն ու տատանումները, ավելորդ էր համարում գեղգեղանքներն ու կլկլոցները, հիշեցնում, որ երգեցողության չափից դուրս ձգձգվածությունը խորթ է և օտար հայ երգի համար։

Նա պնդում էր, որ հայ երգը կատարելիս պետք է փոխել մտածելակերպն ու հոգեբանությունը, ելակետ ունենալ ոչ թե ռոմանսը կամ բայաթին, այլ հայ երգի երանգներն ու ոլորտները։ Ի դեպ, բարեկամներ, Շարա Տալյանն օժտված էր լիրիկադրամատիկական բարիտոնի յուրահատուկ ազգային երանգ ունեցող ձայնով։ Առհասարակ, ձայնական տվյալների մասին խոսելիս անհնար է գտնել այնպիսի բնորոշումներ, որ երգչին չլսած ունկնդիրները կարողանան մտովին լսել այդ ձայնի զորեղությունն ու երանգը, ելևէջների արտահայտչական նրբությունները։ Այնուամենայնիվ, եթե մի քանի բնորոշում կարելի լիներ տալ Շարա Տալյանի ձայնին, ապա դրանք են զարմանալի հստակությունը, մի փոքր խստությունն ու հնչեղությունը, զորեղությունն ու լայնահորդությունը։ Այս բոլորը, միանալով լավագույն մարզվածության հետ, այնպիսի տվյալներ են ստեղծում երգչի համար, որոնց շնորհիվ էլ նրա երգը դառնում է հարատև։

Ցույց տալու համար Շարա Տալյանի կատարողական արվեստը, պետք է տեսնել, թե ինչպես է նա կյանքի կոչում հայկական երգը, ինչպես է արտահայտում ամեն մի երգի ներքին իմաստը, ինչպես է կարողանում իմաստավորել այդ երգի մեջ ներդրված մանրամասները և դրանով իսկ երգին հաղորդում թարմ, ինքնատիպ ու խոր արտահայտչականություն։ Շարա Տալյանի խոշոր արժանիքներից մեկն էլ նրա հստակ ու անթերի արտասանությունն ու առոգանությունն է։ Այն պետք է անջատել նրա կատարողական տվյալներից և միացնել կատարման գեղարվեստական սկզբունքներին, որովհետև իսկապես նրա խոսքն իր իմաստով, հանգով ու շեշտով այնպիսի ինքնուրույնություն է ձեռք բերում, որ այն ունկնդրելիս միաձույլ ու ներդաշնակ ես ընկալում բառը մեղեդու հետ, զգում ես երգվողբառի բացառիկ նշանակությունը։