ԱՆՎԱՆԻ ՀԱՅ բանաստեղծ, ով ապրեց միայն ՀԱՅՐԵՆԻՔԻ ցավով և դժբախտաբար զոհվեց ավտովթարից. ո՞վ էր ԼԵԳԵՆԴԱՐ Թամար Հովհաննիսյանի ՀԱՅՐԸ

Հրաչյա Կարապետի Հովհաննիսյանը հայ անվանի բանաստեղծ է, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974 թվական)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979, «Հայրական երգ» գրքից «Աշուն թագուհին» բանաստեղծությունների շարքի և «Արևոտ կղզու երգը» բանաստեղծությունների շարքի համար): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թվականից: ԽՄԿԿ անդամ 1948 թվականից:

Գրող Դավիթ Հովհաննեսի և դերասանուհի Թամար Հովհաննիսյանի հայրն է։

1941 թվականին, Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի երրորդ կուրսից, մեկնել է խորհրդային բանակ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1944 թվականին զորացրվելուց հետո աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, ռադիոհաղորդումների կոմիտեում, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում։ 1955-1959 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի խմբագիրը, 1959-1975 թվականներին՝ Հայաստանի գրողների միության վարչության երկրորդ քարտուղարը, 1988-1990 թվականներին՝ նախագահ։ 1978 թվականից «Գրական թերթի» գլխավոր խմբագիր։

Հովհաննիսյանի բանաստեղծությունների առաջին գիրքը («Իմ կյանքի երգը») լույս է տեսել 1948 թվականին։ Սեր, հայրենիք, Հայրենական մեծ պատերազմ, բնություն, հողի աշխատավոր, ժողովրդի ճակատագիր. սրանք են այն առանցքային թեմաները, որոնց շուրջը հյուսված է Հովհաննիսյանի պոեզիան։ Հովհաննիսյանը գրել է նաև հրապարակախոսական, գրականագիտական, քննադատական հոդվածներ, էսսեներ, պատմվածքներ, ուղեգրական նոթեր («Մոտիկն ու հեռուն», 1967 թվական, «Ժամանակի շունչը», 1976 թվական)։

Թարգմանել է խորհրդային բանաստեղծների, ինչպես նաև Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Նեկրասովի, Իվան Ֆրանկոյի, Լուի Արագոնի, Մաքսիմ Ռիլսկու ստեղծագործություններից։ Հովհաննիսյանի երկերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։

Զոհվել է 1997 թվականի նոյեմբերի 22-ին, ավտովթարից։