«Ես պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ մի տեսակ մեղավորության զգացում ունեմ իմ ժողովրդի առջև». մարշալ Բաբաջանյանի խոստովանությունը՝ թե ինչու էր իրեն մեղավոր զգում

Մի առիթով մարշալներ Բաղրամյանն ու Բաբաջանյանը գտնվում էին Հայաստանում: Զորավարները շրջեցին հանրապետությունում, հանդիպումներ ունեցան աշխատավորության հետ, եղան պատմա-մշակութային վայրերում, բնության անկրկնելի գեղեցկություններին գերված՝ շրջեցին լեռնաշխարհում:

Մի հանդիպման ժամանակ, որ տեղի  էր ունենում Համազասպ Բաբաջանյանի բարեկամների հարկի տակ, զրույցի ընթացքում մարշալը հարցրեց մեզ՝ սեղանի մասնակիցներին.

—  Կցանկանայի իմանալ՝ հայ զորավարներից ո՞վ է ձեր ընտրյալը, ձեր կուռքը…

— Անդրանիկը,— անվարան պատասխանեցինք մենք:

Մարշալի հարցմանը նման պատասխան տալն այնքան էլ հեշտ չէր մեզ համար և ոչ էլ այնքան հաճելի մարշալի համար: Այդպես էինք մտածում մենք, բայց այդպես չէր խորհում Բաբաջանյանը:

Մի քիչ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Պատկերացրեք՝ զորավարի իմ իդեալը ևս Անդրանիկն է, նա խելահեղորեն քաջ էր, իսկական ռազմիկ և կարողացավ այնքան դժվարին ժամանակներում անմնացորդ կերպով ծառայել իր ժողովրդին: Սա ինքնին նրա երջանկությունն էր, սակայն հայկական չլուծվող հարցը դարձավ նրա դժբախտությունը:

Ես պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ մի տեսակ մեղավորության զգացում ունեմ իմ ժողովրդի առջև, եթե կուզեք՝ դժբախտության զգացում, որ չկարողացա ծառայել նրան, միաժամանակ, երջանիկ եմ, որ առիթ չեղավ ծառայելու…

Աղբյուրը՝ yerkir.am