Ինչպե՞ս է ՆՎԱՐԴ ՏԵՐՅԱՆԸ դառնում ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻ մուսան.

Պատմում է Նվարդի և Գևորգի որդին.

«Այդ տարիներին գրված բանաստեղծությունները հայրս ամփոփել է «Նորք» եւ «Նոր ճանապարհ» բանաստեղծությունների ժողովածուներում: 1949-ին գրված «Նոր ճանապարհ» գրքի համար 1951-ին նա արժանացել է Ստալինյան (Պետական) մրցանակի, իսկ «Նորքը» նրան դարձրեց հանրահայտ: Պատմեմ «Նորքի» իրական պատմությունը:

1946-ին հրատարակված այդ գրքում ամփոփված են Էմինին հռչակ պարգեւած բազմաթիվ բանաստեղծություններ՝ «Երգ երգոց», «Երգ կռունկի մասին», «Հայ պանդուխտի երգը» եւ այլն: Նաեւ բանաստեղծություններ, որոնք դարձան երգեր՝ «Գազել Երեւանին» (Հայկ Մանարյան), «Մահվան տեսիլ («Նախազգացում»)» (Արթուր Մեսչյան)… Այդ գիրքը ժամանակավրեպ էր ստալինյան ժամանակների համար, քանի որ բանաստեղծությունները գրված են տերյանական ոճով եւ չունեն պրոպագանդիստական բովանդակություն: Ավելին, բազմաթիվ են հայրենասիրական բանաստեղծությունները, մասնավորապես, «Երգ երգոցը», որոնք այն տարիներին եւ հետագայում էլ ԽՍՀՄ-ում գնահատվում էին որպես նացիոնալիստական:

Չկա նույնիսկ բանաստեղծություն՝ նվիրված Ստալինին, ինչն այն ժամանակ պարտադիր էր: Եվ զարմանալի չէր, որ հայաստանյան թերթերը գրեթե միաժամանակ քննադատեցին այդ ժողովածուն: Մայրս պատմում էր, որ վախեցած վազել եկել եւ ասել է «Ժորժիկ,- այդպես էր նա այն օրերին կոչում հորս,- քեզ բոլոր թերթերը քննադատել են»: Ինչին ի պատասխան՝ հայրս, որը շատ «դուխով», նաեւ հանդուգն մարդ էր, պատասխանել է. «Մի վախենա, դա ինձ հռչակ կբերի: Այսօրվանից ես հայտնի բանաստեղծ եմ»: Եվ իրոք, «Նորքի» բոլոր օրինակները միանգամից վաճառվել են… Էմինի այդ ժողովածուն նվիրված է Նվարդ Տերյանին: Երկու բանաստեղծություն՝ նույնպես: Իսկ «Տերյանի մահը» պոեմը նվիրված է Նվարդ եւ Անահիտ Տերյաններին:»

ԱՂԲՅՈՒՐ՝ «Հրապարակ օրաթերթ»