«Նա պինդ մարդ էր, բայց ոչ դաժան, նման մարդկանցից թուրքը առաջինն է ազատվում». «Արցախի հերոս», ով մխրճվեց թշնամու մեջ ու 3 ՀԱՅԿԱԿԱՆ գյուղ ազատագրեց

Շահեն Մեղրյանը ծնվել է 1952 թ. հունվարի 2-ին Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում։ Գերազանց ավարտելով միջնակարգ դպրոցը՝ 1969 թ. ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ։ 1975 թ. ավարտել է համալսարանը և վերադարձել Շահումյանի շրջան։ 

Շահեն Մեղրյանն առաջիններից էր, որ սկսել է կազմակերպել զինված ջոկատներ: 1990 թ. անդամագրվել է ՀՅԴ կուսակցությանը: 1991 թվականին, «Օղակ» օպերացիայից հետո, Ադրբեջանը գրավեց Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղեր։

Սեպտեմբերին Շահեն Մեղրյանը կազմակերպեց օպերացիա, որի արդյունքում սեպտեմբերի 11-13-ին ազատագրվեցին երեք գյուղերը։

1992 թ.հունիսին Շահեն Մեղրյանը Հաթերք գյուղում հավաքեց 25 հոգանոց ջոկատ եւ մտավ թշնամու թիկունք։ Հայդուկների անմիջական օգնությամբ ազատագրվեցին Մարտակերտի մի շարք գյուղեր՝ Հաթերքը, Ակնաբերդը, Մատաղիսը, Տոնաշենը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը: 1993 թ. մարտի 11-ին ՀՀ ՊՆ կողմից ստեղծվեց զորամաս, որի հրամանատար նշանակվեց Շահեն Մեղրյանը։ 1993 թ. ապրիլի 17-ին, ուղղաթիռը, որի մեջ էր Շահեն Մեղրյանը՝ իր զինակիցների հետ, խփվեց եւ բոլորը զոհվեցին։

Հետո եղան այլ հետսովետական պատերազմներ, այլ հրամանատարներ, բայց և  այնպես չկար մեկը, ով պատերազմին կվերաբերեր Շահեն Մեղրյանի պարզությամբ։ Պատերազմը նրա համար աշխատանք էր, որը նա չէր փնտրել ու չէր սիրել։  

Նրա մեջ ոչ ֆանատիզմ կար, ոչ էլ գազանի ազարտ։ Նա պատերազմն ընկալում էր ոչ թե որպես օտարների սպանություն, այլ որպես յուրայինների փրկություն։ Եթե դրա համար պետք է սպանել, ուրեմն այդպես է պետք։ Եթե կարելի է չսպանել՝ փառք Աստծո։

Նրա մեջ կար հպարտություն լավ արված աշխատանքի համար։ Ռոմանտիզմ էլ կար։ Շահեն Մեղրյանը անկեղծ հավատում էր, որ կռվում է ոչ միայն հայերի կյանքները փրկելու համար, բայց եւ նրա համար, որ հայերը ապրեն այլ պետության մեջ՝ ոչ միայն անվտանգ, այլեւ ազնիվ ու արդար բոլորի համար։

Նա պինդ մարդ էր, բայց դաժան չէր։ Նպատակասլաց էր, բայց ցինիկ չէր։ Ամբիցիոզ էր, բայց խենթ չէր։ Նման մարդկանց պատերազմում առաջինն են սպանում։

2014 թվականի հոկտեմբերի 24-ին Շահեն Մեղրյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը:

Աղբյուրը` MEDIAMAX