Սյունեցի անվանի գրող Գաբրիել Արևյանը. ՆՐԱ ստեղծագործություններից որո՞նք եք կարդացել

Արձակագիր Գաբրիել Արևյանը (Ալավերդյան) ծնվել է 1914 թվականին ՀՀ Գորիսի շրջանի (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ) Քարահունջ գյուղում։

1940թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Եղել է Ղափանի (այժմ` Կապան) «Պղնձի համար» (1938-45թթ և 1954-56թթ) և Լենինականի (այժմ՝ Գյումրի) «Բանվոր» (1951-53թթ) թերթերի խմբագիրը։ 1956-68թթ աշխատել է Երևանի ռադիոկոմիտեում։

Հրատարակվել են նրա «Որոնումներ գետնի տակ» (վիպակ, 1949թ.), «Ուրալյան տպավորություններ» 1951թ., «Ցորենաբլուր» (ակնարկ, 1958թ.), «Կթվորուհի Աղավնին» (ակնարկ Նոր Կողբ գյուղի կթվորուհի Աղավնի Կարապետյանի մասին, 1958թ.), «Հանքաշխարհ» 1959թ., «Հարուստ երակ» (վիպակ Զանգեզուրի հանքաշխարհի մասին, 1959թ.), «Վազի և հողի վարպետը» (ակնարկ Արտաշատի շրջանի Քաղցրաշեն գյուղի կոլտնտեսության բրիգադավար Սողոմոն Սարգսյանի մասին, 1959թ.), «Հարուստ հեկտարի էնտուզիաստները» 1960թ., «Լենինականի տեքստիլ կոմբինատում» 1961թ.:

Գրել է նաև «Լավագույն կյանքի համար» (ակնարկ Հոկտեմբերյանի շրջանի Հոկտեմբեր գյուղի կոլտնտեսության նախագահ Սուրեն Խաչատրյանի մասին, 1961թ.), «Ես էլ մի հետախույզ» 1963թ., «Ժրաջան հովիվը» (Բասարգեչարի շրջանի Ազիզլու գյուղի կոլտնտեսության հովիվ Բահման Նաջաֆովի մասին, 1963թ.), «Հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ» (ժողովածուում տեղ է գտել նաև գրողի մի պատմվածքը, 1967թ.), «Ասք ժամանակի» 1968թ., «Վերածնունդ» (ժողովածուում տեղ է գտել նաև գրողի «Որ անթացուպ պետք չգա» գործը, 1977թ.) աշխատությունները:

Մահացել է Երևանում 1968 թվականին։