ՀԱՅ ճարտարապետ, ՀՀ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադիր ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ այսօր դարձավ 74 տարեկան.

Ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՀՃԱ թղթակից անդամ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Աշոտ Հայկազի Գրիգորյան, Հայկազունին ծնվել է 1948թ. հունիսի 1-ին, ՀՀ Արմավիր քաղաքում:

1973 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության բաժինը, 1985 թվականին՝ Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի հատուկ բարձրագույն վերապատրաստման ֆակուլտետը։ 1974 թվականից դասավանդում է բուհերում։ 1990 թվականին հիմնադրել է ՀՀ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը և մինչև 2016 թվական ղեկավարել այն։

1980 թվականից Հայաստանի ճարտարապետների միության և ճարտարապետների միջազգային ընկերության անդամ է, 1996 թվականից Վենետիկյան ճարտարապետական բիենալեների հայկական տաղավարի հանձնակատար, 1998 թվականից Հայաստանի ճարտարապետական ակադեմիայի թղթակից անդամ, 1999 թվականից Երևանի Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի պրոֆեսոր, 2001 թվականից Հայաստանի Դիզայներների միության անդամ (2014 թվականից՝ փոխնախագահ), 2003 թվականից՝ Հայաստանի լրագրողների միության և լրագրողների միջազգային ընկերության անդամ, 2006 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության և նկարիչների միջազգային ընկերության անդամ։