«Եթե այդպես է, ուրեմն ինչի՞ համար էր ձեր այս հեղափոխությունը». գիտե՞ք, թե ինչու անվանի դերասան Արման Կոթիկյանը նման հարց տվեց ռուս գիդին

Կրեմլում շրջագայում է տուրիստների խումբը: Շատ են նշանավոր հուշարձանները, իսկ շքեղությունն աչք է շոյում: Տուրիստների խմբին միանում են երկու հայեր, մեկը՝ Արման Կոթիկյանը, որը քիչ-միչ խոսում է ռուսերեն, կարող է հարցերը տալ ռուսերեն:

Խումբը մոտենում է արքա թնդանոթին (Царь пушка): Հետևում է Արմանի հարցը.

— Ո՞վ է եղել և ո՞ւմ ժամանակ է ստեղծվել այս թնդանոթը:

Գիդը պատասխանում է՝ այսինչ դարում այսինչ թագավորի օրոք:

— Լավ է, լա՛վ,— խոսում է Արմանը,- ուրեմն ոչ խորհրդային օրոք…

— Ո՞վ է եղել և ում ժամանակ է ստեղծվել այս զանգ արքան (Царь колокол)

arman kotikyan

Գիդը պատասխանում է:

— Լավ է, լա՛վ,— հրճվում է Արմանը,- ուրեմն ոչ խորհրդային ժամանակաշրջանում…

Իսկ հարցերը շարունակվում են՝ երբ և ով է կառուցել Կրեմլը, այնուհետև՝ Գումը և այլն, և այլն: Պատասխանը մեկն է՝ կառուցել է այսինչ արքան այսինչ դարում: Եվ ոգևորված Արման Կոթիկյանը յուրաքանչյուր պատասխանից ավելի է ոգևորվում.

— Լավ է, լա՛վ, ուրեմն ոչ խորհրդային ժամանակաշրջանում…

Եվ հետո շրջվում է դեպի շփոթված գիդը.

— Եթե այդպես է, ուրեմն ինչի՞ համար էր ձեր այս հեղափոխությունը…

Աղբյուրը՝ yerkir.am