«Այս թիկնոցը ես կարել եմ բանտում Ֆելինիի համար». գիտե՞ք՝ որ ՀԱՅՆ է առաջինն արժանացել ՓԱՐԱՋԱՆՈՎԻ թիկնոցը կրելու պատվին

1987 թվական, մայիս. Համամիութենական 20-րդ կինոփառատոնը Թբիլիսիում: Ներկայացված է Ֆրունզե Դովլաթյանի «Մենավոր ընկուզենին» երկսերիանոց կինոնկարը:

Սերգեյ Փարաջանովին մենք հանդիպում ենք ֆիլմի ցուցադրման ժամանակ: Փարաջանովը հայկական պատվիրակությանը և մի խումբ մասնակիցների մեկ-երկու օր հետո հրավիրում է իր տուն` Դովլաթյանի ծննդյան 60-ամյակը նշելու:

Ընդունելությունը սկսվում է Կոտե Մեսխի փողոցից… Զրույցներ, բանավեճեր, հարցազրույցներ… Ինչ ասես կա: Մթնոլորտը լրջացնում է Փարաջանովը: Նա դիմում է Ֆրունզե Դովլաթյանին, արժեքավորում նրա ստեղծած ֆիլմերը և սենյակի անկյունում գտնվող սնդուկից հանում է մի թիկնոց:

— Այս թիկնոցը ես կարել եմ բանտում,- ասում է նա,- Ֆելինիի համար… Հույս ունեմ, որ օրերից մի օր այս երկիրը ինձ թույլ կտա հանդիպելու նրան և նվերը հանձնելու: Թիկնոցը կրելու առաջին պատվին արժանանում է Ֆրունզե Դովլաթյանը: Ծնունդդ շնորհավոր,- Փարաջանովը մոտենում է Դովլաթյանին, նրա ուսերին գցում թիկնոցը և գրկախառնվում…

Եվ ես շտապեցի այդ պահը վավերացնել Փարաջանովի բակի յուրօրինակ աստիճանների վրա:

Ռոբերտ Մաթոսյան