Իսկական հայրենասերը, ով իր կյանքով ավելացրեց ՀԱՅ ժողովրդի բարեկամների թիվը

Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, սերբագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Բաբկեն Սիմոնյանի մասին է մեր այսօրվա հոդվածը։

«Իսկական հայրենասերը նա է, ով իր կյանքով ու գործով ավելացնում է հայրենի ժողովրդի բարեկամների թիվը: Բաբկեն Սիմոնյանն այդպիսի հայրենասեր է: Նրան այդպիսին լինելուն օգնում է իր ջերմ, բանաստեղծական սիրտը, բարձր գաղափարներին նվիրվելու նրա հատկությունը: Այդ իմաստով Հայաստանի եւ Սերբիայի բախտը բերել է, որ Սիմոնյանի պես նվիրյալ ունեն…»: Այսպես է ասել մեծ գրողը հայտնի բանաստեղծի մասին։

Սիմոնյանը բանաստեղծությունների, էսսեների, ակնարկների, ուղեգրությունների տասներեք գրքի, շուրջ հազարի հասնող հրապարակումների հեղինակ է, որոնց գերակշիռ մասը վերաբերում է հայ-սերբական գրական, մշակութային կապերին:

Ամեն ինչ սկսվեց 1975-ից, երբ բանաստեղծն իր համար բացահայտեց բոլորովին անծանոթ ու հետաքրքիր մի աշխարհ՝ Սերբիա անունով: Սկզբում գրքերի, հանրագիտարանների միջոցով է հաղորդակցվում այս երկրի ու ժողովրդի պատմությանը, մշակույթին, գրականությանն ու հոգեւոր արժեքներին: Իսկ հետո սկսում է սովորել լեզուն։ Հակոբ Սրապյանի հոդվածից։