Այսօր ՀԱՅ ջութակահար ՆԻԿՈԼԱՅ ՄԱԴՈՅԱՆԻ ծննդյան օրն է. Գիտե՛ք որ ՆԱ թողարկել է շուրջ 25 ձայնասկավառակ. ՆԱ միշտ բարձր է պահել ՀԱՅԻ անունը աշխարհահռչակ բեմերում. (տեսանյութ)

Ջութակահար ՆԻԿՈԼԱՅ ՄԱԴՈՅԱՆ ծնվել է 1973թ. հունիսի 1-ին, Երևանում: 1980-84թթ սովորել է Երևանի թիվ 12 երաժշտական դպրոցի Էմմա Գեսելևայի (Նուրազյանի) ջութակի դասարանում, 1984-86թթ՝ Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի Հրաչյա Բոգդանյանի ջութակի դասարանում: 1986թ. տեղափոխվել է Նովոսիբիրսկ և ուսումը շարունակել տեղի Գլինկայի անվան կոնսերվատորիայում՝ Զախար Բրոնի դասարանում: 1988թ. դարձել է Պ.Չայկովսկու անվան Համամիութենական մրցույթի հաղթող՝ երիտասարդ կատարողների անվանակարգում` կատարելով Պ.Չայկովսկու ջութակի համերգը (խմբավար՝ Առնոլդ Կաց):

1989-95թթ սովորել է Լյուբեկի Երաժշտական բարձրագույն դպրոցում: 1999թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորայի ասպիրանտուրան՝ Արամ Շամշյանի ղեկավարությամբ, և որոշ ժամանակ դասավանդել կոնսերվատորիայում (2002թ-ից՝ պատվավոր պրոֆեսոր): 2001թ. ավարտել է Բեռլինի Արվեստի բարձրագույն դպրոցի ասպիրանտուրան՝ պրոֆեսոր Հայբերգի ղեկավարությամբ: Աշակերտել է նաև Ի.Սթերնին և Մ.Սոլովյովին: Մասնակցել է բազմաթիվ միջազգային երաժշտական մրցույթների: 1991թ. դարձել է Գեորգ Կլլենկամպֆի անվան ջութակարարների միջազգային մրցույթի հաղթող: 1988թ. Մոնրեալում և Մյունխենում հանդես է եկել բարեգործական համերգներով և հասույթը ուղղել Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած հաշմանդամ երեխաների բուժմանը: Ելույթներ է ունեցել աշխարհի բազում սիմֆոնիկ նվագախմբերի հետ և այնպիսի հայտնի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են` Կ.Մազուրը, Ռ.Հիքոքսը, Կ.Աբբադոն, Ա.Կացը, Դ.Կիտաենկոն, Վ.Գերգիևը, Լ.Հագերը, Մ.Բամբերտը, Պ.Դուֆալլոն, Ն.Ալեքսեևն ու այլք:

Ելույթ է ունեցել Տիվոլի և Կոնցերտբաու, Լոնդոնի Թագավորական փառատոնային, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահներում, Միլանի Վերդիի թատրոնում և այլուր: Ջութակահարի երկացանկը այնքան բարդ է, որ ոչ բոլոր երաժիշտներն են պատրաստ այն կատարել մեկ համերգի ընթացքում: Դրանցից են` Բեթհովենի 10 սոնատները ջութակի և դաշնամուրի համար (կատարվել են 2000թ.` Բեթհովենի 230-ամյակի ժամանակ), Պագանինիի 24 Կապրիզները (2001թ.), Բախի 6 սոնատները մենանվագ ջութակի համար (2003թ.), 6 սոնատները ջութակի և դաշնամուրի համար (2004թ.) և այլն: Բացի այդ, իրականացրել է նաև Ս.Պրոկոֆևի, Է.Գրիգի, Ֆ.Մենդելսոնի և Յ.Բրամսի սոնատների ձայնագրութնուններ:  Թողարկել է շուրջ 25 ձայնասկավառակ: 2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Բնակվում է Գերմանիայում: