Ֆրանսերեն լեզվի ՀԱՅ գիտակը, ով զբաղվում էր փորագրությամբ ու վիմագրությամբ

Ճանիկ Արամյանը ծնվել է 1820 թ. ապրիլի 20-ին Իզմիթում` Մարմարա ծովի հյուսիսային ափին, քաղաք, որն ի սկզբանե պատկանում էր Հռոմեական կայսրությանը, իսկ հետո` Բյուզանդական կայսրությանը։ Իզմիթն արդեն թուրքական էր, երբ ծնվեց մեր հայրենակից Արամյանը…

Արամյաններն ունեւոր չէին, սակայն կրթության հարցը երբեւէ երկրորդական չի եղել հայկական ընտանիքում։ Փոքր հասակից Ճանիկը սովորում էր արհեստներ, դերձակություն, գրաշարություն, զբաղվում ինքնակրթությամբ, ծանոթանում ֆրանսիացիների ու ֆրանսերեն լեզվի հետ, իսկ հետո տեղափոխվում Փարիզ։

Որոշ ժամանակ դերձակությամբ զբաղվելուց հետո սկսում է լրջորեն հետաքրքրվել փորագրությամբ, վիմագրությամբ, աշակերտում հայտնի տպագրիչ Վալտերին։ Լինելով բանասեր ու բազմակողմանի հետաքրքրությունների տեր, զբաղվելով տարատեսակ արհեստներով, միտք ունենալով նաեւ հայերեն գրքեր հրատարակել` նրան զբաղեցնում է եւ տպարանի հարցը։ Հարկ է նշել, որ ներկայիս տպագիր տառատեսակները մշակված են խորհրդային տարիներին տարածված Արամյան տառատեսակի հիման վրա։ Էլեոնորա Ներսիսյանի հոդվածից։