Պարզվում է, որ ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանը մի աչքով էր տեսնում․ ի՞նչ էր եղել նրա հետ մանուկ հասակում

Մեծանուն լեզվաբանը՝ կոստանդնուպոլսեցի կոշկակարի որդի Հրաչյա Աճառյանը, դեռ մանուկ հասակից է արտասովոր ընդունակություններ դրսեւորել. վաղ է սկսել խոսել, այն էլ անմիջապես երկու լեզվով՝ հայերեն եւ թուրքերեն: Իսկ հետո զարգացրել է իր ունակությունները ու այդ լեզուների թիվն անցել է մի քանի տասնյակից:

Թե ինչպես է հասցրել այդ ամենը առասպելական աշխատասիրությամբ օժտված բազմազբաղ գիտնականը, ապշել կարելի է միայն… Ժամանակին որդու արտասովոր ընդունակությունները նկատած արհեստավոր հայրը վեց տարեկանում նրան տալիս է Ադամյանի վարժարան:

Որդին մի աչքով էր տեսնում. մեկ տարեկանում կորցրել էր ձախ աչքի տեսողությունը, բժիշկներն անզոր էին եղել վերականգնել այն: Ստիպված էր գրել-կարդալ մեկ աչքով: Դեռ տասը չբոլորած՝ ոչ միայն ազատ հաղորդակցվում էր հայերեն, թուրքերեն ու ֆրանսերեն, այլեւ այդ լեզուների քերականությանն էր տիրապետում:

Նա երկու համալսարան է ավարտել՝ Փարիզում եւ Սորբոնում՝ աշակերտելով նշանավոր Անտուան Մեյեին, եւ 21 տարեկանում դարձել է Փարիզի լեզվաբանական միության անդամ: Հետո երկար տարիներ ուսուցչություն է արել Էջմիածնում, Շուշիում, Թավրիզում, Նոր Նախիջեւանում, Կարինում, այլուր: Հակոբ Սրապյանի հոդվածից։