Այս ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ կարողացել է կարգավորել հայկական Տոնացույցը, ստեղծել հայ ընտանիքին և ամուսնությանը վերաբերվող մի շարք կանոններ.

Սուրբ Սահակ Պարթև եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչ, քարոզների և հոգևոր օրհներգերի հեղինակ, քաղաքական-հասարակական գործիչ։ Նշանակալի է Սահակ Ա Պարթևի մատենագրական ժառանգությունը։ Նա կարգավորել է հայկական Տոնացույցը, գրել եկեղեցական ու աշխարհիկ դասերին, պաշտոնյաներին, հայ ընտանիքին, ամուսնությանը և այլ հարցերին վերաբերող բազմաթիվ կանոններ, գրել և եղանակավորել է շարականներ, պատարագամատույց, ծիսական աղոթքներ, հատկապես վճռական դեր է խաղացել հունարեն Աստվածաշնչի թարգմանության և կանոնացման գործում։

Ղազար Փարպեցին գրում է, որ Մեսրոպ Մաշտոցը և մյուս թարգմանիչները, հայերեն և հունարեն հնչյունաբանությունը համեմատելիս, հաճախ դիմել են Սահակ Ա Պարթևին, որովհետև նա ստացել էր հիմնավոր ուսում, կատարելապես տիրապետում էր հնչյունաբանությանն ու հռետորական մեկնաբանությանը, քաջատեղյակ էր փիլիսոփայական ճարտասանություններին։

Սահակ Ա Պարթևի անունով պահպանվել են դավանաբանական թղթեր՝ ընդդեմ նեստորականության, բորբորիտների ու մծղնեների, ինչպես նաև նամակներ՝ ուղղված Թեոդոսիոս II կայսրին, Անատոլիոս կուսակալին, Կոստանդնուպոլսի Պրոկղ պատրիարքին, Ատտիկոս, Ակակիոս եպիսկոպոսներին։ Այս թղթերում (Գիրք թղթոց, էջ 1–21) Սահակ Ա Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը Եփեսոսի Գ տիեզերական ժողովից հետո բանաձևել են Հայ եկեղեցու ուղղափառ դիրքորոշումը, հատկապես Պրոկղ պատրիարքին ուղղված պատասխան թղթում Հայ եկեղեցու հայրերը հաստատել են Մարդեղության խորհրդի (ընդդեմ Նեստորի) վերաբերյալ Նիկիայի Հանգանակի բանաձևումը, երեք տիեզերաժողովների դավանական վճիռները։ Այդ թուղթը, իբրև ուղղափառության փաստ, ընթերցվել է 553-ի Կ. Պոլսի ժողովում՝ Կյուրեղ Ալեքսանդրացու թղթից անմիջապես հետո։