Հայաստանի վաստակավոր ՃԱՐՏԱՐԱՊԵՏ, ով կառուցել է Բյուրականի աստղադիտարանի համալիրը և մի շարք այլ կարևոր հաստատություններ. Եկե՛ք ճանաչե՛նք ՆՐԱՆ.

Ճարտարապետ ՍԱՄՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆ ծնվել է Շուշիում: 1928թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը: Աշխատակցել է Ալեքսանդր Թամանյանին: 1930թ-ից աշխատել է «Երգիպրոգոր» նախագծային ինստիտուտում: 1938-41թթ եղել է Երքաղխորհրդի ճարտարապետության արվեստանոցի վարիչը, 1955-69թթ` Հայպետնախագիծ ինստիտուտի տիպային նախագծման արվեստանոցի ղեկավարը: 1931թ-ից դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:

1941-49թթ եղել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահը: Նրա նախագծերով Երևանում կառուցվել են` Քիմիական գործարանի բանվորական բնակելի թաղամասը (1932-34թթ), Պրոֆեսորների տունը (1934թ.), Պուշկիևի անվան դպրոցը, Գ.Ա.Հարությունյանի մենատունը, Բնակելի շենքեր` Մ.Մաշտոցի և Տիգրան Մեծի պողոտաներում (1934-44թթ), ՀԳԱ և ԵՊԲՀ (1934-55թթ), ՄԼԻ, ՀՀ ԳԱԱ նախագահության (1954թ.) և ինստիտուտների շենքերը, Կառավարության 2-րդ տունը Երևանի Հանրապետության հրապարակում, Արզնու թիվ 2 առողջարանը (1933-53թթ), ՀՀ տաղավարը Մոսկվայի համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսում, Բյուրականի աստղադիտարանի համալիրը (1947-56թթ), Գյումրիի դրամատիկական թատրոնը (1965-72թթ), ԵՊԻ մասնաճյուղի համալիրը Վանաձորում (1968-70թթ) և այլն:

Գործերին բնորոշ են ճարտարապետական մտահղացման, հատակագծման ռացիոնալությունն ու հստակությունը, գործառնատեխնոլոգիական, կառուցվածքային և ծավալատարածական, գեղագիտական խնդիրների սերտ համադրումը, երկաթբետոնե կմախքի և քարի կիրառման ազգային ձևերի ներդաշնակման ձգտումը, ճարտարապետական օրգանիզմի ներքին և արտաքին դրսևորումների միասնությունը: 1951-59թթ եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, 1950թ-ից` ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի ակադեմիկոս: 1940թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1968թ.` վաստակավոր ճարտարապետ կոչումներին: Մահացել է Երևանում: