Հիշո՞ւմ եք ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎԻՆ. Գիտեք, որ նա եղել է նաև հոգևոր ՕՐՀՆԵՐԳՆԵՐԻ հեղինակ. Տեսե՛ք, թե ուրիշ ինչով է զբաղվել.

Սուրբ Սահակ Պարթև եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչ, քարոզների և հոգևոր օրհներգերի հեղինակ, քաղաքական-հասարակական գործիչ։ Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ։ Նրա օրոք ստեղծվել են հայկական գրերը և հայերեն է թարգմանվել Աստվածաշունչը։ Աջակցել է Մեսրոպ Մաշտոցին հայ գրերի ստեղծման և տարածման գործում։ Սահակի անունով մեզ են հասել կանոնական գրվածքներ և թղթեր։ Ներդրում է ունեցել շարականագրության մեջ։

Սերում է Պարթև (Պահլավունի) և Մամիկոնյան տոհմերից, Ներսես Մեծի որդին է։ Ստացել է կրթություն կապադովկյան Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի դպրոցներում։ Տիրապետել է հունարենի, ասորերենի, պարսկերենի։ 387 թվականին ընտրվել է հայոց հայրապետ՝ եռանդուն աջակցություն բերելով Խոսրով Գ թագավորին՝ վերականգնելու Մեծ Հայքի միասնականությունը։ Խոսրովի գահընկեց լինելուց և աքսորվելուց հետո Սահակ Ա Պարթևը նույնպես զրկվել է հայրապետական աթոռից (389 թ.) և միայն Վռամշապուհ թագավորի ջանքերի շնորհիվ վերականգնվել իր պաշտոնում։

Հետագայում ևս, պարսից Վռամ Ե արքայի կողմից ենթարկվել է հալածանքների ու շնորհազրկման։ Մահացել է իր ծննդյան օրը, նավասարդի 30-ին (439 թ. սեպտեմբերի 7-ին), Բագրևանդի Բլրոցաց գյուղում և թաղվել Տարոնի Աշտիշատում։