«Շատ գեղեցիկ արձան է, իսկապես Կոմիտաս է». գիտե՞ք՝ ում միջոցով է Տիգրան Մանսուրյանն ԱՌԱՋԻՆ անգամ հանդիպել Երվանդ Քոչարին

60-ականների սկզբին Ռուդոլֆ Խաչատրյանն ինձ տարավ Երվանդ Քոչարի՝ իր վարպետի մոտ. այդպես առաջին անգամ հայտնվեցի Մաեստրոյի արվեստանոցում: Ռուդոլֆը տան տղա էր և իրեն Քոչարի ներկայությամբ ազատ էր պահում: Ես, որ երբևէ ինձ թույլ չեմ տվել որևէ մեկի հետ ազատ լինել, զարմանում էի: Հետագայում մենակ էլ էի այցելում, այլևս Ռուդոլֆի ընկերակցությունը պարտադիր չէր, բացի այդ, Քոչարին հաճախ հանդիպում էի Նկարիչների տան սրճարանում, որտեղ գրեթե ողջ հայ մտավորականությունն էր հավաքվում՝ Կոստան Զարյանը, Լևոն Ներսիսյանը, դերասաններ, գրողներ, նկարիչներ և այլք: Քայլել ենք Երևանով, զրուցել, զգացել եմ նրա մտերմիկ վերաբերմունքը: Այդ տարիներին դեռ սովորում էի ուսումնարանում, Չարենցի խոսքերով մի երգ էի հորինել՝ «Էլի գարուն կգա, կբացվի վարդը…»: Ամեն անգամ, երբ հանդիպում էինք, խնդրում էր, որ այդ երգը երգեմ՝ ականջը մոտեցնում էր, ես երգում էի՝ մի քիչ արևելյան, մի քիչ աշուղական, մի քիչ կոտրտված ռիթմով,- այդ երգը հիմա էլ ինձ համար թանկ է:
Գնացել էի Մատենադարան երաժշտագետ Նիկողոս Թահմիզյանի մոտ: Աստիճաններով իջնում էինք՝ հանդիպեցինք տիկին Մանիկին: Նա շատ ուրախացավ և առաջարկեց այցելել Քոչարի արվեստանոց: Պարզվեց, որ Մաեստրոն Կոմիտասի արձանն ավարտել է: Մենք՝ Նիկողոսն էլ, ես էլ, հիացանք. «Շատ գեղեցիկ արձան է, իսկապես Կոմիտաս է, իսկապես բարձր երաժշտի բարձր կերպար, բարձր արվեստ՝ բոլոր իմաստներով»:

Զրույցը եղավ, սուրճն էլ խմեցինք, ուզում ենք ցտեսություն ասել՝ տիկին Մանիկը խնդրեց քիչ էլ մնալ: Մի քիչ էլ մնացինք: Էլի խոսք ու զրույց, էլի հիացումի խոսքեր: Կոմիտասի մասին պատմություններ՝ Նիկողոսը լավ գիտեր Կոմիտաս: Նորից ցանկանում ենք ցտեսություն ասել, և նորից տիկին Մանիկը՝. «Մի քիչ էլ մնացեք»: Էլի մնացինք, բայց երրորդ, չորրորդ անգամ, երբ գնալու հարցը հասունացավ՝ արդեն բոլոր իմաստներով այլևս անհասկանալի էր, թե ինչո՞ւ պիտի մնանք, ի՞նչ է պատահել: Գաղտնիքը բացվեց. Էջմիածնի շրջկոմի քարտուղարն էր գալու՝ Քոչարը պետք է նրան ներկայացներ Կոմիտասի քանդակը, և մենք՝ իբրև Կոմիտասի պաշտամունք ունեցող երաժիշտներ, մեր խոսքը պիտի ասեինք նրա ներկայությամբ: Դա էր տիկին Մանիկի պատրաստած փոքրիկ միզանսցենը: Չեմ կարծում, որ մեր ներկայությունը ինչ-որ դեր խաղաց, ուղղակի դա տիկին Մանիկի տևակա՛ն հոգածությունն էր, տևակա՛ն հոգատարությունն էր Քոչարի նկատմամբ: Եվ այս հոգատարությունը երբեմն այնքան ընդգծվում, այնքան սահմանները մեծացնում էր, որ Քոչարը նշաններ էր անում, որ պետք է փոքր-ինչ զուսպ լինել: Այս տեսակի հոգատարության մեջ Քոչարն ապրեց տասնամյակներ:
Փարիզի Art Modern թանգարանի երկրորդ հարկում, սրահի կենտրոնում տեսա Քոչարի Տարածական նկարներից: Այդ ժամանակ մեզ՝ արվեստով ապրող երիտասարդներիս համար՝ երաժիշտ թե նկարիչ, հայտնվել Փարիզում և Փարիզում տեսնել մեկի աշխատանքը, ում ամեն օր հանդիպում ես սրճարանում, ուղղակի ապշելու բան էր: Ես ցնծության մեջ էի:

Աղբյուրը՝ Հովիկ Չարխչյանի բլոգ: