Մեծ հայրենասեր ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ հանդիպումը ՀՌՈՄԻ ՊԱՊԻ հետ. ինչպե՞ս ՆԱ համարձակվեց Գերմանիայում ողջ ելույթը միայն ՀԱՅԵՐԵՆ կարդալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան AP (Associated Press) գործակալության արխիվում գտանք մի տեսանյութ, որը պատմում է 1981 թվականին Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի Արեւմտյան Գերմանիա կատարած այցի մասին: Վազգեն Առաջինը Մյունխեն է ժամանում 1981 թվականի մայիսի 1-ին: Հորդառատ անձրեւի ներքո նրան օդանավակայանում դիմավորում է Մյունխենի եւ Ֆրայզինգի արքեպիսկոպոս, կարդինալ Յոզեֆ Ալոիս Ռատցինգերը: 

2005 թվականի ապրիլին կարդինալ Ռատցինգերը ընտրվեց Հռոմի Պապ՝ դառնալով Կաթոլիկ եկեղեցու առաջին գերմանացի առաջնորդը 1000 տարվա ընթացքում: 2013 թվականի փետրվարին Բենեդիկտոս XVI-ը պաշտոնաթող եղավ՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով:

Մայիսի 2-ի առավոտյան Մյունխենի եւ Ֆրայզինգի Արքեպիսկոպոսարանի ընդունելությունների սրահում կայանում է պաշտոնական արարողությունը, որի ժամանակ կարդինալ Յոզեֆ Ռատցինգերը, մասնավորապես, ասում է.

«Հայ ժողովուրդը քրիստոնյա է, որքան մենք նրան ճանաչում ենք պատմությունից։ Նրա մշակույթը կրում է քրիստոնեական ժառանգության դրոշմը։ Քրիստոնյա հայ ժողովուրդը ապրել է հզորության եւ քաղաքական անկախության ժամանակներ, սակայն նա ապրել է նաեւ ճնշումի եւ ավերածության ժամանակներ։ Անցյալի բազմատեսակ այդ փորձությունները ազդեցին, որ այս ժողովուրդը իր մեջ զարգացնի գոյատեւության ուժը, որը մեզ հիացմունք է պատճառում։ Հայերը իրենց ջանասիրությամբ, խելամտությամբ եւ աշխատասիրությամբ ամբողջ աշխարհում անուն շահեցին: Գաղթից եւ հալածանքից հետո կյանքի նոր ուղիներ հարթեցին եւ կրկին բարեկեցության ե հռչակի հասան մարդկային մշակույթի բոլոր ասպարեզներում։ Նրանք շոշափելի նպաստ են բերում իրենց հյուրընկալ երկրների զարգացման ու բարեկեցիկ կյանքի ստեղծման գործում։ Հայերը հավատարիմ քաղաքացիներն են դարձել վաղուց իրենց հյուրընկալող երկրների՝ առանց հրաժարվելու, սակայն, իրենց ազգային եւ կրոնական ժառանգությունից»։

73-ամյա Վեհափառն ասում է, որ կյանքում առաջին անգամ է այցելում Գերմանիա: Իր ելույթը սկսելուց առաջ Վազգեն Առաջինը գերմաներեն դիմում է կարդինալ Ռատցինգերին եւ ասում է, որ կխոսի հայերեն:

«Ինձ բացառիկ հուզում է պատճառում այս պահը», — ասում է Վազգեն Առաջինը՝ նշելով, որ Բուխարեստում ապրելու տարիներին միշտ ցանկացել է լինել Գերմանիայում: Նշենք, որ 1942-1944 թվականներին ապագա Կաթողիկոս Լեւոն-Կարապետ Պալճյանը եղել է հայ ռազմագերիներին օգնող կոմիտեի կազմում (Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ռումինիան Գերմանիայի դաշնակիցն էր):

Աղբյուրը` MEDIAMAX