Հոգևոր երգերի անկրկնելի կատարող ԽՈՐԵՆ ՊԱԼՅԱՆ. Եկե՛ք իմանանք նրա մասին ավելին. (տեսանյութ)

Երգիչ, բանասեր ԽՈՐԵՆ ՊԱԼՅԱՆ ծնվել է Լիբանանի Տրիպոլի քաղաքում: Եղել է երգչուհի Լուսինե Զաքարյանի ամուսինը: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, սովորել է Էջմիածնի հոգևոր ճեմարանում: 1955թ. Մայր տաճարում ձեռնադրվել է սարկավագ և 1961թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 1962թ. Օշականում պաշտպանել է վարդապետական ավարտաճառ և ստացել վարդապետական չորս աստիճաններ: Սբ. Էջմիածնում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ: 1965թ. թողել է հոգևոր ասպարեզը և ամուսնացել հոգևոր երգերի կատարող Լուսինե Զաքարյանի հետ:

1965-68թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ապա հայոց լեզվի պատմության ամբիոնում նշանակվել է դասախոս` դասավանդելով լեզվի պատմություն և գրաբար, իսկ 1995-2005թթ` աստվածաբանության ֆակուլտետում` ծիսագիտություն, վարքաբանություն: 15 տարի շարունակ ղեկավարել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի «Հայ տոհմիկ» երգչախումբը: 1978-2004թթ ժամակարգություն, տեսական շարականագիտություն և հայ հոգևոր երաժշտություն է դասավանդել Սբ. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա` Սևանի Վազգենյան դպրանոցում: Հեղինակել է երաժշտագիտական, բանասիրական, եկեղեցագիտական բազմաթիվ հոդվածներ: Եղել է մանկական քրիստոնեական հանրագիտարանի և «Դասական գրաբարի հատընտիր» գրքի համահեղինակը:

Տարբեր տարիներին վարել է «Զրույցներ գրաբարի մասին», «Խորհուրդ խորին» և այլ հեռուստատեսային հաղորդաշարեր: 1996-2005թթ վարել է «Արևագալ» երաժշտական-հոգևոր հաղորդաշարը: 1989թ-ից ամենամյա համերգ-դասախոսություններով, համերգներով հանդես է եկել Լոս-Անջելեսում, Հելսինկիում: 2005թ. լույս է տեսել հեղինակային «Ժամակարգություն Հայաստանեայց Եկեղեցւոյ» ուսումնական ձեռնարկը: 2006թ. ընտրվել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի անդամ: Արժանացել է Ամենայն Հայոց կաթողիկոսի «Սբ. Ներսես Շնորհալի» շքանշանին: Մահացել է Երևանում, թաղված է Էջմիածնի Սբ. Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը: